![]()
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտի տարածքում տեղի են ունենում վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատներ աղմուկ են բարձրացրել, թե իշխանությունը քանդում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրը: Նրանք այցելում են հուշակոթող, տարբեր լուսանկարներ և տեսանյութեր անում, արհեստական բանականության միջոցով քանդված համալիրի պատկերներ ստանում, հրապարակում համացանցում՝ այս կերպ փորձելով հանրության շրջանում կրքեր և բացասական վերաբերմունք բորբոքել:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ համալիրի տարածքում արդեն տասը ամիս է, ինչ ընթանում են աշխատանքները, իսկ հուշակոթողի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ:
Վերջինս մանրամասնում է, թե ինչ է արվում. «Այս պահին իրականացվում են մույթերի վերականգնման աշխատանքներ, որոնք տեղաշարժվում էին: Ջրահեռացման համակարգ է կառուցվում, ջրամեկուսիչ շերտ ամրացվում»:
Ըստ տնօրենի՝ շուրջ 58 տարի, այսինքն՝ հուշահամալիրի ստեղծման (1967) օրվանից հետո այն հիմնովին չէր վերանորոգվել. «Ջուրը ներթափանցել է մույթերից ներս, սկսել է քայքայիչ պրոցես, դրա հետևանքով քարերը տեղաշարժվում են՝ առաջացնելով անվտանգության խնդիր: Դեպք է եղել, երբ քարն ընկել է, բարեբախտաբար, ոչ մեկին չի վնասել»:
Գզոյանի խոսքով՝ առաջին փուլով իրականացվել է եղևնիների պուրակի ոռոգման համակարգի անցկացումը. կաթիլային ոռոգման համակարգ է ներդրվել. «Թանգարանի ներսի մի հատվածի առաստաղն էր փլվել, դա ենք վերանորոգել, և այլ աշխատանքներ են արվել»:
Անդրադառնալով ընդդիմադիրների բարձրացրած աղմուկին՝ վերջինս միտում է տեսնում այս տեսակ թիրախավորման. «Թեման քաղաքականացվում է, քանի որ զգայուն է, պետք է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական շահերից, հասկանանք՝ ինչ ենք անում, ով է շահում էս ամեն ինչից: Մեծ ցավ եմ ապրում, որ մեր սրբությանը կարող ենք այսպես վերաբերվել»:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման, վերանորոգման աշխատանքները վերահսկում և ղեկավարում է հուշահամալիրը հիմնադրած ճարտարապետներից մեկը՝ Սաշուր Քալաշյանը:
«Հուշահամալիրի ստեղծողը գնահատել է վիճակը և գտել, որ պետք է վերականգնվի: 2015 թվականին, երբ կազմակերպվել են սյան վերանորոգման աշխատանքները, այդ ժամանակ կրկին նա է ղեկավարել: Եթե թողնեինք այս վիճակում, մի բան լիներ, պետք է մեղադրեին անգործության համար, հիմա էլ մեղադրում են գործ անելու համար»,- ասում է Էդիտա Գզոյանը:
Հուշահամալիրի վերանորոգման և վերականգնման ողջ ժամանակահատվածում այն այցելուների համար բաց կլինի, այդ թվում՝ օտարերկրյա պատվիրակությունների համար:
Աշխատանքները ավարտված կլինե՞ն 2026 թվականի ապրիլի 24-ին, տնօրենը դժվարանում է ժամկետների վերաբերյալ հստակ ժամանակահատված նշել, սակայն ասում է՝ համալիրն այդ օրը բաց է լինելու այցելուների համար:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()