Ինչ կրքեր են ուզում բորբոքել. իրականում ինչ է կատարվում, և ինչ են անում Ծիծեռնակաբերդում. տեսանյութ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտի տարածքում տեղի են ունենում վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատներ աղմուկ են բարձրացրել, թե իշխանությունը քանդում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրը: Նրանք այցելում են հուշակոթող, տարբեր լուսանկարներ և տեսանյութեր անում, արհեստական բանականության միջոցով քանդված համալիրի պատկերներ ստանում, հրապարակում համացանցում՝ այս կերպ փորձելով հանրության շրջանում կրքեր և բացասական վերաբերմունք բորբոքել:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների ղեկավար Վահագն Ադամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ հուշահամալիրի երեք մույթերի աշխատանքները ավարտելուց հետո անցնելու են մյուս մույթերին:

Վերջինս մանրամասնում է, որ դրենաժային համակարգ պետք է կառուցվի, ջրահեռացման համակարգ ներդրվի, քանի որ անձրևների և ձյան հետևանքով հին քարերը առանձնանում են և տեղաշարժվում՝ առաջացնելով անվտանգության խնդիր:

Աշխղեկի խոսքով՝ բոլոր քարերը փոխվելու են, սակայն համալիրը պահպանելու է հին տեսքը:

«Աշխատանքներն իրականացվում են նախագծով, քարերը լինելու են բազալտե, առանց գունային փոփոխության: Առաջին երեք մույթերը ավարտենք, դրանից հետո մնացած աշխատանքների ժամկետները պարզ կլինեն: Չնախատեսված աշխատանքներ էլ են ի հայտ գալիս: Աշխատանքները չեն խանգարում այցելուների հոսքին»,- ասում է նա:

Վահագն Ադամյանը շեշտում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե համալիրը քանդվում է և այլն:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման, վերանորոգման աշխատանքները վերահսկում և ղեկավարում է հուշահամալիրը հիմնադրած ճարտարապետներից մեկը՝ Սաշուր Քալաշյանը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ