![]()
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է օրեր առաջ իր հետ տեղի ունեցած մի դեպքի, պատմել մեքենայի հետ կապված տուգանքի և և պարեկների վերաբերմունքի մասին:
«Նախորդ հանգստյան օրերին գնացել էի վայելելու կապուտակ Սևանը: Ճանապարհին պարեկային ոստիկանության մեքենան կանգնեցրեց: Ես սիրում եմ արագություն և, ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ եմ մայրուղիների վրա թույլատրելիից արագ վարում, բայց քանի որ իրենց նկատել էի, արագությունս թույլատրելիի սահմաններում էր:
Պարեկը մոտեցավ, ներկայացավ, ասաց, որ տեսանկարահանվում է մեր խոսակցությունը, և որ ես մեքենան վարում եմ առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Զարմացա իհարկե, որովհետև նման հարցերում ուշադիր եմ: Մինչ արձանագրություն էր կազմվում, պարզվեց, որ սարսափելի կարգազանց վարորդ եմ, որովհետև մեքենաս տեխնիկական զննում չի անցել: Էլի զարմացա, բայց դե…
Մի քանի րոպեից պարզվեց, որ ինչ-որ խախտում հասել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, և մեքենան հետախուզման մեջ է: Արդեն դադարեցի զարմանալ…
Պարեկները տեղեկացրին, որ տեխանձնագիրս չեն կարող ինձ վերադարձնել, և ես պետք է շուտափույտ տեխզննում ապահովեմ մեքենային և այն փոխանցեմ պարեկներին:
ԱՊՊԱ-ն նույնպես պետք է հնարավորինս արագ մուծեի, տպած տարբերակը փոխանցեի իրենց կամ այլ պարեկների, որպեսզի … անկեղծ ասած, որպեսզին էլ չեմ հիշում:
Դե մենք վրանային հանգստի էինք մեկնում, սկսեցի բարձրաձայն մտածել, թե ոնց էդ ամենը ապահովեմ․ հանգիստը (ընդ որում՝ ոչ միայն իմ) հարամ է լինում և այլն:
Եվ ահա հրաշքը տեղի ունեցավ․ պարեկները ուղեկցեցին ինձ մոտակա տեխզննման կայան, սպասեցին այնքան, մինչև մեքենան անցավ տեխզննումը: Տեղում օգնեցին ԱՊՊԱ-ն մուծելու հարցում, որպեսզի ես ստիպված չլինեի պայմանագիրը տպելու համար Սևանի մայրուղու վրա տպագրատուն գտնել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարցն էլ տեղում լուծվեց:
Խորին շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել Գեղարքունիքի մարզի Պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի, 1-ին դասակի ենթասպա Խորեն Հովհաննիսյանին և ավագ լեյտենանտ Վահրամ Հովհաննիսյանին՝ իրենց պաշտոնական գործառույթները կատարելուն զուգահեռ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կոնցեպտի պրակտիկ կիրառելիությունը ապահովելու համար:
Ասածս ի՞նչ է․ ասածս այն է, որ մարդուն այնպես պետք է տուգանես, որ տուգանվելուց հետո տասն անգամ շնորհակալություն ասի»,- գրել է նա:
![]()