![]()
Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներն ու սոցիալական մեդիան ակտիվորեն քննարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։
«Karen Mkhitaryan» անունով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով թեմային, տարածել է մի լուսանկար, որում Հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը ջարդված են, երեսպատման սալիկները թափված հատակին։
Լուսանկարը մեծ տարածում է ստացել «Ֆեյսբուք»-ում։
Օգտատերը նաև, ի թիվս բազմաթիվ այլ օգտատերերի շահարկումների, կասկած է հայտնել, որ այն իրականում քանդվում է և ոչ թե վերանորոգվում։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ լուսանկարը գեներացված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով, այսինքն՝ կեղծ է։
Նախ քարերի կույտն իր գույնով և ստվերով չի ներդաշնակվում ընդհանուր միջավայրի հետ։ Բացի այդ՝ հուշարձանի մակերեսին առկա ճաքերը բնական չեն երևում․ նման թերություններ հաճախ հանդիպում են ԱԲ-ով կամ ֆոտոմոնտաժով ստացված պատկերներում, երբ պատկերի տարբեր հատվածները սահուն կերպով չեն միացվում։
Այսպես․ ԱԲ-ով գեներացված լուսանկարները վերլուծող հարթակներից Sight Engine-ը լուսանկարի կեղծ լինելու հավանականությունը 99% է գնահատել։

![]()