![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերլուծել է, թե ինչպես հնարավոր դարձավ Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ և ԱՄՆ-ի միջնորդությամբ հասնել Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը:
«Հայաստանը իր վատթարագույն օրերից հետո, որտեղ կար մի շատ այլանդակ ռուս-թուրքական գործարք, այսինքն՝ ռուսական քաղցկեղ, որը քայքայում էր մեր պետությունը, դիմացավ և հասավ սրան»,- ասում է նա:
Ըստ Սուքիասյանի՝ էական նշանակություն է ունեցել հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած նրան, որ դրա վերաբերյալ հազար ու մի կռկռոց կար»:
Կուսակցության փոխնախագահը նաև կարևորում է Եվրոպական միության դիտորդների գալը ՀՀ, Հռոմի ստատուտի վավերացումը, Հնդկաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը. «Սրանք բոլորը ճնշեցին, որ Ադրբեջանը գա խաղաղության շուրջ բանակցելու»:
Անդրադառնալով հայկական ընդդիմադիր դաշտի այն պնդումներին, թե սա հակասում է Հայաստան-Իրան շահերին և վտանգում բարեկամական հարաբերությունները՝ Սուքիասյանը հակադարձում է. «Իրանին վնաս ոչ մի բան չկա, Իրանին ձեռնտու է ինքնիշխան և ուժեղ Հայաստանը, իսկ եթե ՌԴ-ին ձեռնտու չէ, ՌԴ-ի խնդիրն է»:
Վերջինս շեշտում է՝ սրանով ՀՀ-ն իրեն ապաշրջափակում է, և կոմունիկացիաների բացումը միջանցք տալ չի ենթադրում. «Տափակ-տափակ խոսում են, կարո՞ղ են միջանցք տերմինի սահմանումը տալ: Իրենց ցանկությունն է, որ միջանցք լինի: Մի մասը բութ է, չի հասկանում, մի մասն էլ գործ է անում»:
Սուքիասյանն ասում է, որ ճեղքվում է ռուս-թուրքական դարավոր գործարքը, դրա համար ցնցումներ են առաջանում, որը, ըստ նրա, «տափակ զռոցներ են, թույն ու թարախ են շնչում»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ վերջինս այն համոզմունքն է հայտնում՝ Թուրքիայի սահմանի բացման դեպքում պայման է լինելու, որ ռուսական զորքը դուրս գա. «Որովհետև Թուրքիան այդ սահմանը դիտարկել է ոչ թե Հայաստան-Թուրքիա, այլ Թուրքիա-ՌԴ սահման: Եթե իրենք չառաջարկեն, մենք պետք է առաջարկենք»:
Եզրափակելով Հայկ Սուքիասյանը չի բացառում, որ Ռուսաստանն Ադրբեջանից, այսպես ասած, վրեժ կլուծի:
«Ռուս-ադրբեջանական կոնֆլիկտի հավանականություն կա, սակայն ոչ այս պահին: ՌԴ-ն թափ հավաքեց, անելու է դա, քանի որ գործարք կար՝ «Ղարաբաղը՝ քեզ, բայց պետք է հարձակվես Հայաստանի վրա ու հանձնես ինձ», Ադրբեջանը թռել է սրանից»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()