ՊՆ պաշտոնյան 3,6 մլն դրամի բենզին է յուրացրել․ նրա պաշտոնավարումը կասեցվել է, քրվարույթը՝ ուղարկվել դատարան

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պետությանը պատճառված 3,6 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով.

«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 6,6 հազ. լիտր ավտոբենզինի կտրոնները յուրացման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, դրանց վերաբերյալ տվյալները չի մուտքագրել զորամասի համապատասխան մատյանում, որից հետո, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է դրանք:

Բացի այդ, ՊՆ պաշտոնատար անձը պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթում կեղծ տեղեկություններ է մտցրել զորամասի՝ 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին փաստացի ծախսագրված «ավտոբենզինի կտրոն» նյութական միջոցների և ավտոբենզինի վերաբերյալ և, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել զորամասին պատկանող ավելի քան 500 հազ. ՀՀ դրամ արժողությամբ 660 լիտր ավտոբենզինի կտրոններ ու 315 կգ ավտոբենզին:

Խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Մեղադրյալի կողմից պետությանը պատճառված 3,6 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ