![]()
Հունաստանի հայերի միությունը ողջունում է օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթուղթը, որը ամրապնդելու է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և երկրի անվտանգությունը։
Այս մասին ասվում է Հունաստանի հայերի միության հայտարարության տեքստում:
«Փաստաթուղթը արդյունքն է ՀՀ իշխանությունների Հայաստանը, որպես ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ վերջին 3 տարիների վարած հետևողական քաղաքականության և ակտիվ դիվանագիտության, որով ամրապնդվում է Հայաստանի ինքնիշխանությունը հակառակ վերջին հինգ տարիների արտաքին ուժերի կողմից ստեղծված բազմաթիվ սպառնալիքների և խոչնդոտների։
Հրապարակված Պատմական փաստաթուղթը ողջունվել է ՀՀ բոլոր բարեկամ երկրների կողմից, (այդ թվում եվրոպական ընտանիքի, արաբական աշխարհի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից) որովհետև այն բերում է ոչ միայն անվտանգություն և բարգավաճում Հայաստանի համար, այլ կայունություն, զարգացում և խաղաղություն ողջ տարածաշրջանի համար։
Հունաստանի հայերի միությունը կոչ է անում ողջ հայությանը` ՀՀ ժողովրդին և սփյուռքահայությանը, շարունակել մնալ աչալուրջ, անտեսել օտարամետ և խավարամիտ կողմերի ապատեղեկատվությունը և աջակցել ՀՀ քաղաքացիների կողմից ժողովրդավարորեն ընտրված իշխանությանը։
Փառք նահատակներին,
Կեցցե հայոց պետականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
![]()