![]()
Ինչ է նշանակում «Թրամփի ուղի» և որ ուղու մասին է խոսքը: Այս հարցի պատասխանն ու պարզաբանումն է տվել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ինչ է նշանակում Թրամփի ուղի. խոսքը ներդրումային ծրագրի մասին է: Պարզաբանելու համար եկեք ուղիղ մեջբերենք՝ ինչ է գրված օգոստոսի 8-ի գործարքի մեջ: Գրված է՝ «Կողմերը վերահաստատում են կարևորությունը ապաբլոկավորելու տրանսպորտային կոմունիկացիաները ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապերի համար»: Ի՞նչ է սա նշանակում. որ կողմերը ասում են՝ պետք է մեր սահմանները բացենք, որպեսզի՝
Հայաստանը կարողանա Ադրբեջանի տարածքով գնալ Հայաստան, Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով գնալ Ադրբեջան,
Հայաստանը կարողանա բեռներ փոխադրել Ադրբեջան, Ադրբեջանը՝ Հայաստան, սա, իհարկե, ապագայի հարց է…
Հայաստանը կարողանա Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրել և գնալ երրորդ երկիր, Ադրբեջանը կարողանա Հայաստանի տարածքով բեռներ փոխադրել և գնալ երրորդ երկիր: Սա ամենակարևորն է:
Այս ամենը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա: Սա նշանակում է՝ կողմերը ֆիքսում են աներկբայորեն՝ այ էս տարածքը քոնն է, այ էս տարածքն էլ քոնն է:
Ստորագրված փաստաթղթում հստակ գրված է, որ այն տարածքը, որոնցով պետք է անցնեն ճանապարհներ, Ադրբեջանը պետք է անցնի, Հայաստանի տարածքն է: Իրավազորությունն էլ պետության իրավունքն է սահմանել կանոնները, օրենսդրությունը և կարգը, թե ինչպես պետք է գործի ճանապարհը և մնացածը իր տարածքում»,- մանրամասնել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ փոխադարձ առավելություններ է ստանում Հայաստանը ներպետական և միջազգային տրանսպորտային կապերի համար, այսինքն՝ երրորդ երկրների հետ: Հայաստանի կապը այլ երկրների հետ բացվում է Ադրբեջանի տարածքով, ևս մեկ անգամ նշել է Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
![]()