![]()
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը հորդորում է ամռան այս շոգ օրերին՝ հատկապես 12:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դուրս չգալ տնից կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բժիշկը, մատնանշելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությունը, ասում է. «Ցանկանում եմ հասարակությանը հորդորել հնարավորինս հեռու մնալ արևի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ եթե դրսում լինելը պարտադիր է, անպայման պետք է կրել բաց գույնի հագուստ, գլխարկ, պաշտպանիչ ակնոց»։
Ռուբեն Գրիգորյանը նշում է՝ կարևոր է օգտագործել արևապաշտպան քսուքներ, քանի որ դրանք նվազեցնում են այրվածքներ ստանալու հավանականությունը։
Ամռան կիզիչ արևը ունի մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա։ Զրուցակիցն առանձնացնում է այդ ռիսկերից մի քանիսը. «Ռիսկի գործոններից առաջնահերթ են մաշկի և տեսողության հետ կապված խնդիրները, կարող են առաջանալ նաև թուլություն, գլխապտույտ, գլխացավ»։
Գրիգորյանի խոսքով՝ հատկապես թիրախային խմբում գտնվողները (մեծահասակներ, հղի կանայք, երեխաներ) արևահարության նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի՝ խորհրդատվություն ստանալու համար։
«Հայկական ժամանակ»-ը նաև սոցհարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչպես է դիմանում այս օրերին և ինչ միջոցներով է պաշտպանվում, որը ներկայացված է ռեպորտաժում:
![]()