![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն այն համոզմանն է, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաքվելով՝ հանրությունն իր ուղերձն է հղելու, իր վերաբերմունքը հայտնելու վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որպեսզի Եկեղեցին իմանա իր հետագա անելիքները:
Վերջինս հավատացած է, որ վարչապետի այս կոչը բռնություն չի պարունակում: Ըստ Բաբաջանյանի՝ Կառավարության ղեկավարն ապօրինի և հակաօրինական քայլ չի անի:
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը շփվում է որոշ եպիսկոպոսների հետ, և վերջիններս պատրաստ են կանգնել և բարձրաձայնել այն մտահոգությունների մասին, որոնք այսօր բարձրաձայնվում են:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ զրուցակիցը ասում է՝ չի կարծում, որ Տեր-Պետրոսյանը խորապես չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, Եկեղեցու նման դիրքավորումը որքան վտանգավոր է հայկական պետականության համար:
Նա խնդրահարույց է համարում այն, որ Տեր-Պետրոսյանը պահանջում է չեղարկել Էջմիածնում սպասվող հավաքը և ազատել ահաբեկչության ծրագրման համար մեղադրվող եպիսկոպոսներին, միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
«Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման ընթացքում միջամտում էր Եկեղեցու գործերին: Գարեգին Ա կաթողիկոսը ընտրվել է քաղաքական իշխանության կամքով: Սա հո մեր աչքի առաջ է եղել»,- նկատում է նա:
Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ 2018 թվականին իշխանությունը մեծ լավություն է արել Գարեգինին: Նա հիշեցնում է, որ երբ այդ ժամանակ մի խումբ ուզում էր հեռացնել կաթողիկոսին, իշխանությունն ասել է՝ ես Եկեղեցու հարցերին չեմ ուզում խառնվել, հետո Եկեղեցին է սկսել խառնվել քաղաքական հարցերին:
Ըստ Բաբաջանյանի՝ Ռուսաստանն է որոշում՝ կաթողիկոսը գնա՞, թե՞ ոչ: Կարող է կաթողիկոսական աթոռ հիմնեն ՌԴ-ում, և ՌԴ հայությունը ենթարկվի ՌԴ իշխանությունների որոշմանը, նման մտավախություն է արտահայտում քաղաքական գործիչը:
Կրկին անդրադառնալով Էջմիածնում սպասվող հանրահավաքին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը լինելու է ուժեղ վերջաբան, որը ցնցելու է Եկեղեցու վերնախավին և այն քաղաքական ու հասարակական խմբերին, որոնք մտածում են՝ այս ամենը ինչպես կավարտվի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()