ՀԾԿՀ նախագահը արբիտրաժային վեճի կապակցությամբ ընդունված ակտի վերաբերյալ հայտարարություն է արել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտարարություն է հրապարակել:

Նա հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը՝ հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

«Ուստի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ