![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու տեսաուղերձին:
«Երբ թվերը դառնում են մանիպուլյացիայի գործիք.
Դիտեցի «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու տեսաուղերձը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ «բաց և թափանցիկ» լինելու մասին խոսող գործիչները արդեն որերորդ անգամ ներկայանում են տեսաուղերձներով՝ խուսափելով ուղիղ հարցերից, լրատվամիջոցների բանավեճերից։ Ինչո՞ւ է այդպես՝ թող ընթերցողն ինքը դատի։
Այս անգամ, ինչպես ասում են, «թույլ չտանք մանիպուլյացիան», խոսենք թվերով։
Կարապետյանը նշում է, թե վերջին 7 տարիներին Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին առևտրում մեծացել է, և համեմատում է ԵՄ-ի հետ՝ նշելով, որ ԵՄ-ի հետ առևտուրը 6 անգամ քիչ է։
Բայց Կարապետյանը, կարծես թե, մոռանում է (կամ գուցե չէ՞), որ 2022-ից ի վեր մեծ թվով գործարարներ՝ այդ թվում ռուս, Հայաստանը օգտագործում են որպես տարանցիկ գոտի՝ իրենց ապրանքային կարիքները հոգալու համար։ Սա ժամանակավոր, կարճաժամկետ գործոն է, որը 2025-ի առաջին հինգ ամիսներին արդեն էականորեն նվազել է։ Այդ փաստը՝ զուտ վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ, հեշտությամբ կարելի է պարզել, եթե, իհարկե, ցանկություն լինի։
Կարապետյանը ճիշտ է նկատել վերաարտահանման գործոնը ԱՄԷ-ի հետ առևտրում, բայց նույն տրամաբանությամբ մոռացել է տեսնել՝ թե ինչպես է այդ վերաարտահանման գործոնը ձևափոխում պատկերը նաև Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի դեպքում։
Մի քանի թվեր՝ առանց մեկնաբանության.
• Հայաստան–Չինաստան առևտուրը՝ 2018-ին՝ 771 մլն $→ 2024-ին՝ 2.8 մլրդ $
• ԵՄ հետ առևտուր՝ 1.83 մլրդ $ → 2.335 մլրդ $
• Իրան՝ 363 մլն $ → 737 մլն $
• Վրաստան՝ 138 մլն $ → 333 մլն $
• ԱՄՆ՝ 226 մլն $ → $410 մլն $
Սրանք չոր թվեր են, որ մեր քաղաքացիները կարողանան տարբերել մանիպուլյացիան և ֆեյքը իրականից: Ի դեպ, եթե Նարեկ Կարապետյանը տեղյակ չէ պետությունը տարբեր գործիքներ է կիրառում տեղական արտադրանքի որակի բարելավման և ստանդարտները բարձրացնելու համար, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի՝ այն է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին առևտուրը: Դժվար է այս ամենը բացատրել ամեն ինչ միայն մեկ երկրի հետ կապող գործարարի ընտանիքի անդամին:
Հաջորդ մանիպուլյատիվ պնդումը՝ «սփյուռքը ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հետո փորձում է բացատրել, որ եթե սփյուռքից այդ օգնությունը չլինի, ապա 500 հազար մարդ աղքատության ճիրաններում կհայտնվի: Այո, վերջին տարիներին այդ թիվը գերազանցել է $5 մլրդ-ը, բայց այդ գումարի մոտ 75 տոկոսը առևտրային փոխանցումներ են, ոչ թե աջակցություն։
Եթե Նարեկ Կարապետյանը ուսումնասիրեր ԿԲ տվյալները, կտեսներ՝ ոչ առևտրային փոխանցումները 2024-ին կազմել են $1.013 մլրդ կամ ընդամենը 17.4%, իսկ 2007-ից մինչև 2018 թվականը երբ ընդհանուր փոխանցումների թիվը տարեկան 1.5-ից մինչև 2.3 մլրդ դոլար էր, դրա առնվազն 70 տոկոսը հենց ոչ առևտրային փոխանցումներն են եղել:
Հետևությունը պարզ է. մանիպուլյացիան չի սիրում ամբողջական թվեր։ Ընտրվում է մեկ ցուցանիշ՝ հարմար մեկնաբանության համար։
Ամփոփելով՝ Նարեկ Կարապետյանի հռետորաբանությունը ներկայացնում է կիսատ ճշմարտություններ, որոնք նպատակ ունեն հանրությանը մոլորեցնել՝ սեփական դիրքորոշման շահավետության տեսանկյունից։ Իսկ երբ այդ ամենին գումարվում են ֆեյք էջերից գովերգող մեկնաբանությունները՝ պատկերն ամբողջանում է։
Բայց հանրությունն այսօր ունի թվերին ու փաստերին հասանելիություն, և այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն։
![]()