Հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելուց. դրանցից մեկը Կասկադում սրճարան է դարձել. տեսանյութ

1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, կայացրեց առաջին նիստը։

Հանձնաժողովի 12 անդամներից միայն 7-ն էին, որ մասնակցում էին քննարկմանն ու լսում զեկույցը՝ առկա տեղեկատվության վերաբերյալ։

«Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» խմբակցություններն առհասարակ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հիշեցրեց՝ հանձնաժողովը նպատակ ունի բացահայտել ու պարզել, թե նշված ժամանակահատվածում ինչ է տեղի ունեցել այն տարածքների հետ, որոնք պատկանել են համայնքին, և որոնք օտարվել են տարբեր անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների կամ նրանց մերձավորների կողմից։

Այդ որոշման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրենց իրավունքից։ Այս պահի դրությամբ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, մանկապարտեզի ընդունելության իր հերթին սպասում է 1292 երեխա։

Ըստ Արմեն Գալջյանի՝ խնդրահարույց մանկապարտեզների թիվը մոտ 80 է. մանկապարտեզ կա՝ Կասկադում սրճարան է դարձել։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը նշեց, որ փոխանակ կանխատեսեին, թե ապագայում հերթեր են գոյանալու, որ երեխաներն ընդունվեն մանկապարտեզ, և փոխանակ պայմաններ ստեղծվեին, որ երեխաներն անցնեին այդ անհրաժեշտ, կարևորագույն փուլը, արվել է հակառակը։

Հանձնաժողովը թեև քննում է 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ. մայրաքաղաքին կամ նախկին թաղային համայնքներին պատկանող մանկապարտեզների օտարման հանգամանքները, սակայն ըստ Գալջյանի՝ գործընթացները տեղի են ունեցել հիմնականում 1998-2008թթ.։

Աշխատանքային վեց ամիսների ընթացքում հանձնաժողովը ունենալու է այցելություններ տվյալ օտարված տարածքները։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ