![]()
«Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ. եթե իմանայի՝ ինձ դատի է տալու, պատրաստ էի պետտուրքը վճարել»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը։
«Դե հիմա դիմել է, 9 մլն դրամ փող է ուզում ինձնից։ Ճիշտ է, այդ 9 մլն դրամը 200 մլն դոլարի մեջ բան չի փոխելու։ Ես չեմ կարծում, որ ինքն այդ դատը հաղթելու է։ Ինչ, ե՞ս պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվե՞լ եմ։ Այսինքն՝ էն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, Պողոս Պողոսյանի, դրանք ե՞ս պետք է ապացուցեմ։ Կարծում եմ՝ ինքը պետք է գա, ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքում հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հունիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանին անվանել էր «մարդասպան», «թալանչի», «կոռումպացված անձնավորություն», որը Հայաստանի Հանրապետություն «խոպան էր եկել իրա թայֆայով»։
![]()