Կատվի վազքը մինչեւ մարագն է, սուտն էլ քառսունք չունի․ Սաֆարյանը՝ Տիրան Խաչատրյանի դաշնակ դառնալու մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տիրան Խաչատրյանի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմում ընդգրկվելուն։
Կատվի վազքը մինչեւ մարագն է, սուտն էլ քառսունք չունի
կամ՝
Ինչպես է կոփվում ՀՅԴ-ական հերթական «քաղբանտարկյալը»
Այսօր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ 44-օրյա պատերազմում Ջրականի ձախողված ուղղության պատասխանատու գեներալ Տիրան Խաչատրյանը ընտրվել է Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչն է ստիպել 44-օրյա պատերազմի «հերոսին», իր ողջ զինվորական ծառայության ընթացքում ֆորմալ ապակուսակցական կադրային զինվորականին հենց հիմա «կուսակցականանալ․․․»
Հարցի պատասխանը մեծապես թաքնված է 2026թ․ խորհրդարանական ընտրություններում, որի հետհաշարկը բառացիորեն օրեր առաջ հայտարարվեց․․․
Բայց մի՛ շտապեք․ պայմանավորված պարտության, նահանջի ու ձախողման «հերոսը» կարող էր դա անել նաև ամիսներ անց, կամ առանց անդամակցելու ՀՅԴ-ին 2026-ի մայիսին ներառվելով նրանց կուսակցական ցուցակում․․․
Հետևաբար, ինչո՞ւ հենց հիմա։ Այս հարցի պատասխանն էլ թաքնված է Ջալալ Հարությունյանի ներգրավվածությամբ քրեական գործի դատաքննության ավարտի մեջ, կամ ինչպես ասում են՝ «կամաց-կամաց մոտենում են Տիրանենց տներին»․․․
Օրերս «Հետքը» հերթական փայլուն հետաքննությունը ներկայացրեց Ջրականի ձախողված ռազմագործողության մասին․․․ Ողբերգությունն իր ողջ դեմքով ներկայանում էր այնտեղ․․․ տանկերից ոմանք անսարք են եղել, մարտական գործողության ուղարկված ստորաբաժանումները տեղանքին ծանոթ չեն եղել, քարտեզ չեն ունեցել, Սեյրան Օհարնյանի հրամանատար որդին հրաժարվել է առաջադրանքը կատարել ու այսպես շարունակ․․․ Իսկ Տիրան Խաչատրյանը ոչ վերջին հրամանատարն է եղել 44-օրյա պատերազմի շրջանում․․․ Նա եղել է Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում․․․
Եվ ահա, դեռևս 2025 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էր հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին առաջադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող մեղադրանքի վերաբերյալ։ Նա մեղադրվում է 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ասում էր․
«ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն՝ նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները»։
Այս ամենի դրվագները ականատեսների շուրթերով հենց հետաքննել էր Հետքը․․․ Բայց Հետքի հրապարակումից անդին կա քննություն՝ իր վկաններով, ապացույցներով, և, ահա, այս ապրիլի 17-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլին է մոտեցել: «Հերոսի» փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը հայտնել է, որ գործով անցնող վկաների թիվը 23 է, նրանց թվում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Իսկ ամենից զատ առկա է նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում բազում նախկին ու ներկա պաշտոնյաների հարցաքննությունները, որոնք վստահաբար ներառում են Տիրան Խաչատրյանի սխրագործությունները իրենց ողբերգական հետևանքներով․․․․
Ու հիմա, Տիրան Խաչատրյանը և նրա քաղաքական վերադասը հստակ հասկացել են, որ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության համար դատվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ հարորթյունյանը, ապա ինքն ո՞վ է, որ կարողանա «պլստալ»․․․ Հետևաբար, նրան պետք է քաղաքական տանիք ու պաշտպանություն, ու դրա լուծումը հանկարծակի «քաղաքականություն» մտնելն է, ու եթե հաջողվի դատավարությունը տարրբեր հնարքներով /որոնց տիրապետում են հրաշալիորեն/ ձգձգել մինչև 2026թ․ կամ դատարանի վճիռը գոնե օրինական ուժի մեջ չմտնի /դեհ, վերջին տարբերակ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքարկումներն ապրած կենան/, ուրեմն ՀՅԴ-ի ցուցակով ընտրվելու դեպքում քաղաքական «անձեռնմխելիությունից» զատ նաև պատգամավորական անձեռնամխելիություն կստանա․․․ Ի վերջո, հենց հիմա արդեն իսկ ՀՅԴ-ում մշակվում են նառատիվները՝ «իշխանությունները սկսեցին հետապնդել Տիրան Խաչատրյանին, երբ նա ընդդիմադիր գործունեություն ծավալելու որոշում կայացրեց»․․․ Կասկածո՞ւմ եք։ Կհամոզվեք շուտով։
Բայց սա դեռ ամբողջը չէ․ ՀՅԴ-ն հիմար չէ, որ իր վրա քրեական հոդվածներ շալակած «գեներալին» պաշտպանություն տա։ Այստեղ է թաքնված շան գլուխը, քանի որ ՀՅԴ-ն ոչ միայն ավանդաբար ուժեղ է եղել Արցախում, այլ նաև ՀՅԴ-ականները չափազանց ներգրավված էին Արցախի հենց հարավում՝ բիզնես, անծայրածիր տարածքներ, ռազմական հրամանատարություն։ Ի վերջո, ՀՅԴ-ական գեներալ Արթուր Աղաբեկյանի անունն էր բազմաթիվ կռված տղաների շուրթերից հնչում որպես հարավում՝ Հադրութում և այլուր բանակի ու հանրության շրջանում «դեմորալիզացիա», «Նիկոլը հողերը վաղուց հանձնել է, ձեզ փրկեք» ու նմանատիպ քարոզ տարածելու «սրբազան» արշավի մեջ․․․ Այս առումով պատերազմից հետո քանի-քանի հանրային վկայություններ եղեն այդ մասին․․․
Ջրականի ձախողված հարձակողական գործողության ճակատագրական հետևանքների մասին շատ է գրվել։ Զոհված ու անհայտ կորած մեր տղաների հարազատներից շատերն են առաջին օրվանից մեղադրանքներ հնչեցրել Տիրան Խաչատրյանի դեմ։ Ու շատերիս համար անսպասելի էր, որ պատերազմի թեժ պահին լայն հանրությանն անծանոթ ռազմական հաջողության համար Տիրան Խաչատրյանին վարչապետ Փաշինյանի կողմից շնորհվում է ոչ ավել, ոչ պակաս «Հայաստանի ազգային հերոսի կոչում»․․․ Շատերս ուղղակի մտածեցինք, որ հավանաբար փոքրիկ ռազմական հաջողված գործողություն է եղել, որը չենք նկատել ռազմաճակատում տոտալ անհաջողությունների լրահոսում, ու հավանաբար իշխանությունը այդ փոքրիկ հաջողության հերոսին ուզում է դարձնել դերային մոդել մեր կռվող զինվորներին ու զինվորականությանը խրախուսելու ու քաջալերելու համար․․․ Ես գոնե այդպես էի մխիթարում ինքս ինձ․․․
Այն ժամանակ Տիրան Խաչատրյանի ու մյուսների «սխրագործության մասին» հայտնի չէր․․․ Բայց հո որոշակի շրջանակ տեղյա՞կ էր ու չէր կարող բացառել, որ մի գեղեցիկ օր վրա է հասնելու մեղմ ասած «անփութության», կոշտ բառերով ասած՝ դավաճանություն գործած զինվորականների պատասխանատվության ժամը։ Եվ պետք էր Տիրան Խաչատրյանին ապահովագրել․․․ Ու ինչ-որ մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացնում նրան ազգային հերոս շնորհելու առաջարկը․․․ Դեհ, Աստված տվել չի խնայել՝ Փաշինյանն էլ հո շրջապատ ու զեկուցողներ, խորհրդականներ չէր ընտրել․․․ Դրանցից մեկը, օրինակ, Արշակ Կարապետյանն էր․․․
Բայց մախաթը պարկում երկար չես պահի։ ԳՇ բունտը պատռում է դիմակներ, թեպետ դրանից առաջ էլ Տիրանը հասցնում է Իսկանդերների 10 տոկոս պայթելու վերաբերյալ Վարչապետ Փաշինյանի սկանդալային հայտարարության վրա բենզին լցնել, առանց կատակի, մկկալով․․․ Մնացածն արդեն գիտեք․․․․
Իսկ հիմա՝ օրինականությունն ու արդարությունը թակում են նաև Տիրան Խաչատրյանի դուռը․․․ Իսկ նա միայնակ չի գործել, և թե՛ ինքն իրավունք ունի իր «գլավարից» պահանջել պաշտպանվածությունը՝ քաղաքական, պատգամավորական, փաստաբանական և այլն, թե՛ «գլավարն» ու համախոհները անհանգստանալու հիմքեր ունեն․․․ Ու ահա, լուծումը ՀՅԴ-ն է․․․
Բայց միևնույնն է, ոչինչ չի օգնելու․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ