Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի՞թե այդքան հեշտ է ծառը արմատահան անել»
22 April, 2015 16:04
Գյումրեցի Վահագն Խաչատրյանը պատմում է իր պապիկի՝ Նազար Խաչատրյանի մասին: Նազար պապը ծնվել է 1901 թվականին, Արեւմտյան Հայաստանի Կոնիա քաղաքում: Ամբողջ գերդաստանից փրկվել են միայն Նազարը եւ իր քույրը՝ Սրբուհին: Վահագնը ներկայացնում է Եղեռնից մազապուրծ Նազար Խաչատրյանի՝ 1915 թվականի վերաբերյալ խոհերը, փետրվարի 16-ին Լենինականում լույս տեսած «Բանվոր» թերթում տպագրված հարզացրույցից:
-Հայրս՝ Սերոբը, շուկայում վիճում է մի թուրք չարչիի հետ եւ սիրտ խոցող խոսք է ասում եւ արժանանում է արդար դատաստանի:
«Վերջներդ եկել է»: Մի՞թե այդքան հեշտ է ծառը արմատահան անել: Չէ, չպետք է մորթվել, հնազանդ գառնուկի պես գլուխը մեկնել: Տղամարդը պետք է տղամարդու պես մեռնի: Ու կտրիճի ձեռքը ետ է դնում դեպի գոտին, ու մի պահ անց հայրիկիս հայhոյողը անզգա ընկնում է կրակոցից:
Իսկ հայրիկիս բռնեցին, եւ նա այդպես էլ չվերադարձավ:
Իսկ մայրս ավելի ուշ հրաժեշտ տվեց՝ ապրիլին:
Մայրս ասաց. -Ես կմեռնիմ, չի մոռանաք, որ հայ եք, չի մոռանաք ձեր աստծուն, ձեր ազգությունը: Թող աստված պահապան լինի ձեզ, ուր էլ լինեք՝ պառկելուց առաջ աղոթեցեք, գաղտնի ըսեք` «Հայր մերը»…Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի…
Մայրս մեկ ձեռքով գրկել էր Սրբուհուն, մյուսով Նազարին:
Գնդակահարեց մորը մի չեչեն: Վաճառեց քրոջը, իսկ Նազարին տարավ մոտիկ մի գյուղ ու տվեց մի թուրքի: Սա ուզեց որդեգրել Նազարին: Նոր հագուստներ հագցրեցին, իսկ անունը Իսմայիլ դրեցին:
-Իսմայիլ, հոս եկուր: Իսմայի’լ…
Իսմայիլը նստած է, պատերին է նայում, օճորքին:
-Այ տղա, խլացել ես, ի՞նչ է, պատռվեցի պոռալով:
-Դուք ինձի չեք կանչեր:
-Իսկ Իսմայիլը ո՞վ է:
-Եսիմ: Ես Նազարն եմ :
Ու Նազարը իր անվանը տեր չկանգնելու համար ուտում է մի քոթակ, մի ծեծ…
Երբ տեսան որ բան դուրս չի գալիս, շորերը հանեցին ու ծառա դարձուցին:
Ու Նազարը կարողանում է փախչել այդ ընտանիքից եւ երկար փնտրում է իր քույրիկին՝ Սրբուհուն, եւ երկար դեգերումներից հետո Նազարը վերադարձավ նորից Կոնիա, գտավ քրոջը ու նույն օրն էլ ձերբակալեցին: Թուրքական կառավարությունը հայտարարել էր զորակոչ, եւ զինվորական ծառայությունից խուսափող յուրաքանչյուր ոք մահապատժի էր ենթարկվում:
– Ահմեդ էֆենդի,-փակված սենյակի պատուհանից խոսում էր ձերբակալվածը,-ըսա աղային՝ ազատե ինձի, իրեն համար ուդ կշինեմ:
Եւ ահա կանգնած է 60-ամյա սպիտակահեր մազերով Մաթասարովի դռանը: Մարդը գիշերանոցը հագած պատշգամբում օղի է խմում:
-Ինչ կուզես, տղաս:
-Որբ եմ, ծնողներիս սպանել են: Եկա քրոջս փնտրելու, բռնեցին: Հիմա ճիպոտներ են թրջել ինձ ծեծելու համար:
-Ի՞նչ կրնաս շինե:
-Ուդ կրնամ շինե:
-Իտալական վարպետների մեկ գործ ունիմ, կոտրվել է, կարող ես նորոգել:
Դա բարձրարվեստի մի գործ էր: Փայտյա շքեղ զարդաքանդակներով ու պարսկական պատկերներով:
Երկու շաբաթ անց Նազարը ներկայացավ նրան: Բերել էր նորոգած տուփը: Ասես ձեռք չէր կպել:
-Աֆերիմ տղա: Ան ի՞նչ է,-ցույց տվեց դռան մոտ դրված փաթեթը:
-Նույնից երկու հատ ալ նորն եմ շինել:
-Էս հայը ապրելու իրավունք ունի,-զարմանքով ծոր տվեց պաշտոնյան ու10 բանկնոտ ընծայեց:
1923 թվականին Նազարին իր քրոջ՝ Սրբուհու հետ միասին, հաջողվում է Հովակիմ Սարաֆյան անվան տակ ծպտված դուրս գալ թուրքական տիրապետության սահմանից ու մեկընդմիշտ բնակություն հաստատել Բեյրութում:
1946 թվականին վարպետ Նազարը առաջին իսկ քարավանի հետ ետ դարձավ հայրենիք