Կարծում եմ՝ առաջին անգամը չէ, որ մենք Բաքվի կողմից արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ։ Կարծում եմ՝ սա տեղեկատվական սադրանք է՝ մի քանի նպատակով։ Առաջին հերթին՝ մեր երկրում կայունությունը խաթարելու, որպեսզի բոլորս ահուսարսափի մեջ ապրենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառալով Ադրբեջանի ՊՆ–ի՝ կրակոցների վերաբերյալ կեղծ մեղադրանքներին։
«Կարծում եմ, որ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը և նաև խնդիր են տեսնում այդ անսպասելիությունից դուրս գալու, միգուցե իրենց քաղաքական գինը թանկացնելու համար տարբեր դերակատարների մոտ՝ ցույց տալու համար, թե «Հայաստանը դեստրուկտիվ է, մենք էլ զոհի դերում ենք» ․․․ պետք է մեզ ավելի շատ աջակցեք։
Նրա համոզմամբ՝ Հայաստանն իր անելիքներում չպետք է որևէ բան փոխի․ «Կարևորը մեր արձագանքն է նման պրովոկացիաներին։ ՀՀ ՊՆ–ն պետք է միշտ ուշիուշով հետևի մեր սահմանների անվտանգային իրավիճակին և ցանկացած դեպքում՝ պատրաստ լինի արձագանքելուն»։
Նա նշեց՝ մեր հարևանների դեմ ռազմական գործողություն չենք սկսելու, որովհետև ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։