Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքի. Քրիստինե Ղալեչյան

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկվել են և կատարված աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկվել է Եվրամիություն։

Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտում միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանության աուդիտ, որի շրջանակում ավիացիոն պատահարների քննության ոլորտում արձանագրված մի շարք թերությունների վերացման ուղղությամբ մշակվել էր միջոցառումների մի մեծ պլան։ Այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները շտկվել են և կատարված աշխատանքի մասին հայտն ուղարկվել է Եվրոպական Միություն։ Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» է հայտնվել 2020 թվականի հունիսից, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ