Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված հաշվետվությունը:
Ըստ այդմ՝ վաճառված տոմսերի թիվը 17 մլն 743 հազար 372 է․ այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում՝ մեկանգամյա երթերը և 1 տարով փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։
17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնց ցուցիչները բաշխվում են հետևյալ կերպ. ամենապոպուլյար տոմսը 10 ուղևորության համար տոմսն է՝ 105 հազար 636, հաջորդիվ 30-օրյա տոմսն է՝ 58 հազար 291, այնուհետև՝ 80 րոպեանոցը՝ շուրջ 30 հազար:
Փաթեթային տոմսերի վաճառքը 213 հազար 21 է եղել, որից 61 հազար 609-ը՝ արտոնություններով տոմսերն են, կազմում է ընդհանուր քանակի 29 տոկոսը: Այդ 61 հազար 609-ից 22 տոկոսը կազմում են անվճար տոմսերը, 7 տոկոսը՝ զեղչով, իսկ հիմնականը կազմում է 71 տոկոս:
Արտոնություններով տոմսերից ամենապոպուլյար կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են՝ 10 հազար 948 տոմս, մյուսը՝ հաշմանդամներինը, ուսանողներինը, զոհվածների ընտանիքներինը, բազմազավակ ծնողներինը և այլն:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այս տվյալները հնարավորություն են տալիս վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ և երթուղիների որոշակի դասավորություններ կազմակերպել: