Քրեական հեղինակություն հանդիսացող «Չերեմուշկեցի Պրո»-ին մեղադրանք է առաջադրվել․ ի՞նչ կապ ունի գործի հետ ադրբեջանցին

Պարույր Ա․-ն ներգրավվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն, ինչպես նաև Արամ Կ․-ի հետ համատեղ գործելով իր և մեկ այլ անձի օգտին խոշոր չափերի գույքային բնույթի գործողություն կատարելու պահանջ է ներկայացրել Արման Հ․-ին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մարտի 6-ին։

Պարույր Ա․-ն Whatsapp-ով կապ է հաստատ Արման Հ․-ի հետ և ներկայացել քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից, հայտնել, որ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, քաղաքի ռեստորաններից մեկում ոչ միայն այս 2-ն են հանդիպել, այլ նաև խմբավորման մեջ և շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ա․-ի, Բաբկեն Կ.-ի և նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված ևս 6-7 անձանց հետ։ Տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած՝ շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող՝ Արամ Կ․-ն:

Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հ․-ի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջև առկա գումարային հարցերի շուրջ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հ․-ի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արմանն ընդունել է ոմն Վախիդին իբրև թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը և պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին։

Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հ․-ի համաձայնությունը ստանալով և չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, Պարույր Ա․-ն պահանջել և ստացել է վերջինիս պատկանող և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան հափշտակվել է:

Շուրջ մեկ ամիս անց, գումարը փոխանցելու ընթացքում ձերբակալվել է, գումարի փոխանցումը տեղի չի ունեցել:

Մեղադրանք է առաջադրվել «Չերեմուշկեցի Պրո»-ին և ևս 2 անձի։ Գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին, քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջին դատական նիստը նշանակվել է մարտի 19-ին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ