Եվրոպական երկրները կարող են խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, եթե Կիևը համապատասխան խնդրանք ներկայացնի, Le Parisien-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա շեշտել է, որ այդ դեպքում Ռուսաստանի կարծիքը հաշվի չի առնվի։
Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը գտնվում է «հաստատման վերջին փուլում», գրում է թերթը։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ յուրաքանչյուր եվրոպական երկրից կարող է մի քանի հազար մարդ ուղարկվել Ուկրաինա՝ ցույց տալու Արևմուտքի «երկարաժամկետ աջակցությունը» Կիևին։ Եվրոպացի զինվորների ներկայության «առանցքային կետերը» կարող են լինել Կիևը, Լվովը և Օդեսան։
Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Եվրոպայի կողմից Լոնդոնի և Փարիզի գլխավորությամբ «կամավորների կոալիցիա» ստեղծելու հնարավորության մասին։ Նա հաստատել է Ուկրաինայում իրենց ռազմական անձնակազմը տեղակայելու եվրոպական երկրների ցանկությունը։
Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դեմ: Մարտի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նման նախաձեռնություններն անվանել է Ուկրաինայի իշխանություններին փրկելու արևմտյան երկրների փորձ։