ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները՝ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:

Այս մասին հայտնել է WAM լրատվական գործակալությունը։

«Հույս ունենք այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները և կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, և ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանի զարգացմանը։ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր որոշումներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև՝ կայուն և կառուցողական համագործակցության նոր էջ բացող կարգավորման ամրապնդման գործում։

ԱՄԷ-ն ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` ակնկալելով նրանց միջև համագործակցության ընդլայնում՝ ընդհանուր շահերին հասնելու համար»,- ասել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական տիկին Լանա Նուսեյբան:

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են մի շարք երկրներ և կառույցներ:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ