Ռուբեն Վարդանյանը իր հերթական ուղերձով փորձում է խուսափել անմիջական պատասխանատվությունից. Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ռուբեն Վարդանյանը իր հերթական ուղերձով փորձում է խուսափել անմիջական պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

Նրա հայտարարությունը ոչ թե բացահայտում է իրականությունը, այլ նպատակ ունի վերաձևակերպելու իր դերակատարումը՝ խուսափելով պատասխանատվությունից։ Նրա անձնական քաղաքական գործողությունները և քաղաքական դիրքորոշումները եղել են Արցախի կազմալուծման գործընթացի անբաժան մասը, և դա փաստ է, որը չի կարելի շրջանցել։

Նա հրապարակայնորեն պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ուղիղ խոցելի դարձնելով Արցախի իշխանության քաղաքական հիմքերը այն պահին, երբ անհրաժեշտ էր ուժի կենտրոնացում։ Նա ակտիվորեն գործել է Սամվել Բաբայանի դեմ, երբ վերջինս փորձում էր Արցախի ճակատագրի այլընտրանքային լուծում առաջարկել։ Բաբայանը նախազգուշացնում էր այն ամենի մասին, ինչն ի վերջո տեղի ունեցավ՝ թե՛ Արցախի, թե՛ նրա ռազմաքաղաքական ղեկավարության հետ, սակայն այդ օրակարգը խեղդվեց հենց Վարդանյանի աջակցությամբ։

Ոչ ոք չի մոռացել, որ հենց Վարդանյանն ու նրա ռուս տերերը կանխեցին Արցախի ղեկավարության մասնակցությունը արևմտյան հարթակներում նախատեսված կարևորագույն բանակցություններին։ Սոֆիայում և Բրատիսլավայում նախատեսված հանդիպումները կարող էին ստեղծել դիվանագիտական նոր հնարավորություն, բայց ռուս խաղաղապահների բարձրաստիճան ղեկավարները Վարդանյանի միջոցով արգելափակեցին այդ հնարավորությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ նա գործել է ոչ թե Արցախի, այլ իր և իր հովանավորների շահերի համար։

Նա ոչ մի օր չի ունեցել իրական խնդիր Արցախում, երբ հազարավոր մարդիկ ապրում էին սննդի, դեղորայքի և վառելիքի պակասի պայմաններում։ Նա իր շուրջը հավաքել էր հսկայական ֆինանսավորում ունեցող մեդիա խմբեր, որոնք զբաղվում էին Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհներով՝ կրկին ծառայելով բացառապես օտար օրակարգին։

Հիմա նա շարունակում է նույնը՝ վերաձևակերպելով իր դերը, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ իր գործողությունները՝ որպես դիմադրության մաս։ Սա քաղաքական մանևրի հերթական ակտն է, որը նպատակ ունի խուսափելու սեփական գործողությունների հետևանքներից։

Հայաստանը չի կարող թույլ տալ, որ անհատների մանիպուլյացիաները փոխարինեն պետական ռազմավարությանը։ Քաղաքական գործընթացները պետք է ղեկավարվեն ազգային անվտանգության, երկարաժամկետ հաշվարկի և իրական ինքնիշխանության սկզբունքներով, ոչ թե անձնական օրակարգերով, որոնք սպասարկում են օտար շահերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ