Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ ՀՀ վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը լուսաբանած մի շարք ԶԼՄ-ներ, միանալով ՀՀ-ի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմին, թերի, աղավաղված, խեղաթյուրված են ներկայացրել Համաձայնագրի ամենազգայուն դրույթներից մեկի՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ վարչապետի մեկնաբանությունները։ Մի շարք լրատվականների հրապարակումների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, որ «ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանին տալ ճանապարհը»։ «Տալ ճանապարհը» ձևակերպմամբ, որը ակնհայտորեն մանիպուլյատիվ է, վերոհիշյալ ԶԼՄ-ները նպատակ ունեն խեղաթյուրել «տրվելիք ճանապարհի» կարգավիճակն ու մոլորության մեջ գցել հանրությանը, թե՝ ՀՀ իշխանությունը որոշել է տալ «Զանգեզուրի միջանցքը»։
Ի պատասխան ընդդիմադիր լրատվականներից մեկի հարցին՝ «բացառու՞մ եք, որ որևէ փուլում Մեղրիով Ադրբեջանին որևէ ճանապարհ, տարածք, միջանցք եք տրամադրելու»՝ ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Օրերս այդ թեմայով հոդված եմ գրել, և ասել եմ, որ ՀՀ-ի մոտեցումը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է և այն, ինչ տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք իրագործել»։ Ճշգրտելով իր խոսքը՝ Փաշինյանը միաժամանակ հավելել է, որ հատուկ գրավոր տեքստ է գրել, «որպեսզի տեքստերը չվերաձևակերպվեն և չդառնան այլ վերնագրեր»։ «Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջբերել»,-նկատել է վարչապետը։ Լրագրողի հարցապնդմանը, թե՝ «հստակ պատասխանեք՝ բացառո՞ւմ եք, թե՞ չեք բացառում, որ Մեղրիով երբևիցե ճանապարհ, միջանցք եք տալու»՝ վարչապետը վերահաստատեց արդեն ասվածը․«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է տնտեսական, տրանսպորտային կապուղիները ապաշրջափակել՝ այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Հանրապետության միջև՝ ՀՀ-ի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում և դա հստակ ձևակերպել եմ բազմիցս։ ․․․Այո՛, ճանապարհ տալու ենք, իսկ թե ինչպե՞ս ենք տալու, իմ վերջին հոդվածում գրանցված, ձևակերպված է։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին և երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։
Եվս մեկ անգամ հատուկ այն լրագրողների համար, ովքեր լսում, չեն հասկանում, կարդում, ու էլի չեն հասկանում վարչապետի խոսքը, այսինքն՝ հասկանալու դժվարություն ունեն, մեջբերենք Նիկոլ Փաշինյանի հոդվածի՝ ճանապարհների ապաշրջափակմանն առնչվող շեշտադրումները․ «․․․Հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է․․․:
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը: Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչո՞ւ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները: Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»:
Հիշեցնենք՝ ԱԳՆ այսօր հայտարարություն է տարածել , ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։