Հարվային Կովկասում խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագրի հեղինակը լինելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի խոսքով, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ խաղաղության համար որևէ փաստաթուղթ ստորագրել։
Միաժամանակ, ըստ նրա, այդ հայտարարություններն արվում են որոշակի թիրախների հասնելու համար։
«Չեմ կարծում, որ պետք է ուշադրություն դարձնել այժմյան հայտարարություններին, բայց գուցե Ալիևն այս անգամ փորձ է անում, օրինակ, Միացյալ Նահանգներին համոզել, որ ինքը կարևոր դերակատար է, և եթե Ամերիկան տարածաշրջանում որոշի գնալ որոշակի համաձայնությունների, այդ դեպքում ինքն է լինելու այն դերակատարը, որի հետ պետք է խոսել։ Ուստի չցանկանալով գնալ խաղաղության՝ Ալիևը մանիպուլացիոն հայտարարություններով տպավորություն է ստեղծում, որ պատրաստ է խաղաղություն բերել, սա է իրենց գործելաոճը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Խաչատրյանը նկատում է՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, փոփոխվող անվտանգային իրավիճակը հաշվի առնելով է, որ դեռևս դժվար է Ադրբեջանից ակնկալել այս շրջանում Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Դրան զուգահեռ, ըստ նրա, Ալիևը Հայաստանին ուղղված նոր պահանջներ է ներկայացնում։
«Հայաստանն է, որ խաղաղության օրակարգը դարձրել է արտաքին աշխարհին ներկայանալու հիմնական ուղերձ։ Հետևաբար այստեղից էլ պարզ է դառնում, թե ով է իրականում ձգտում խաղաղության։ Այստեղ այլ խնդիր կա․ Ալիևը, ինչպես Պուտինը իրենց համարում են հաղթող կողմ, և, իրենց տրամաբանությամբ, քանի որ հաղթող ու ուժեղ կողմերն իրենք են, իրենք էլ որոշում են՝ խաղաղություն լինի՞, թե՞ ոչ։ Փորձում են առաջ քաշել ուժի իրավունքը, ոչ թե իրավունքի ուժը, և ստացվում է, որ ուժեղ կողմը դառնում է դերակատար»։
Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, նկատում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, թե «Հայաստանը, եթե խաղաղություն է ցանկանում, «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»:
«Թե՛ միջազգային գործընկերները, թե՛ միջազգային այլ ատյաններ արձանագրել են, որ այն դատավարությունը, որը տեղի է ունենում Բաքվում, արդարադատության հետ կապ չունեցող գործընթաց է։ Այլ հարց է, թե ես ինչպես եմ վերաբերվում Արցախի իշխանությունների այդ ներկայացուցիչներին, ինչպես եմ ընկալում նրանց գործելակերպը, բայց փաստ է, որ ազգությամբ հայ լինելու պատճառով է, որ նրանց նկատմամբ այդ գործընթացներն են տեղի ունենում։ Վարչապետն էլ էր իր խոսքում դա նկատել, որ հոգեկան ներգործության ճնշումների միջոցով կարող են նրանցից ինչ ասես կորզել և օգտագործել Հայաստանի դեմ։ Հետևաբար, եթե Հայաստանը նշված պրոցեսը լեգիտիմացնի, սա ամենավտանգավորը կլինի»,- ասում է նա։
Խաչատրյանն ընդգծում է՝ խաղաղության մասին շատ խոսելով՝ չպետք է մոռանալ, որ այդ գործընթացում պետք է կողմերի արժանապատվությունը պաշտպանված լինի, ինչը Ադրբեջանը մերժում է․ «Եթե կողմերից մեկը պարտվում է, մյուսը՝ հաղթում, խաղաղությունը չի լինի երկարաժամկետ։ Սովորաբար կոնֆլիկտի կարգավորման մեխանիզմն այն է, որ բոլոր կողմերը պետք է քիչ թե շատ բավարարված լինեն։ Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը, թե՝ մի մոռացեք, որ դուք պարտվող կողմն եք, խաղաղության պետք է գնաք իմ կանոններով, իմ սկսած սկզբունքներով։ Ուկրաինայի իրադարձություններին հետևելով՝ տեսնում ենք, որ Նահանգներն ու ՌԴ-ն ստիպում են, որ Ուկրաինան գնա փոխզիջումների, բայց Եվրոպան անվտանգային աջակցություն տրամադրեց Ուկրաինային։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, թե ինչքան կարևոր է միջազգային երաշխիքների առկայությունը, որովհետև պայմանագրի ստորագրումը դեռևս չի նշանակում, որ խաղաղությունը կհաստատվի»։
Հայաստանը Եվրոպայից նույնպես այդ աջակցությունն ունի, կարծում է Էդգար Խաչատրյանը։ Ըստ նրա՝ խաղաղության գնալու ճանապարհին Հայաստանը այդ աջակցությունը օգտագործելով՝ կարող է խաղի որոշակի կանոններ թելադրել. «Հեշտ գործընթաց չի լինի, սակայն պետք է փորձել»: