Մայրաքաղաքում ՃՏՊ-ների ժամանակ երթևեկելի մասը փակ պահելու առավելագույն ժամկետ կսահմանվի 15 րոպեն. որ փուլում է նախագիծը

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ նախատեսվում է փողոցի երթևեկելի մասը փակ պահելու համար առավելագույնը սահմանել 15 րոպե ժամանակ, նաև պատասխանատվություն կնախատեսվի նշված ժամկետից ավելի փողոցը փակ պահելու համար: Այդ մասին նախագծի մանրամասները քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Այն իրավիճակը, որ Երևան քաղաքում ունենք ամեն 10 կամ 20, կամ 30 հազար դրամ վնասի պատճառով, չափվում է արդեն տասնյակ, եթե ոչ 100 միլիոն դրամների ծախսով՝ վառելիքի, ժամանակի և նմանատիպ ռեսուրսների, որոնք արդեն մի 20-30 հազար դրամի պատճառով կորցնում ենք»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով մայրաքաղաքում վթարների ժամանակ հետևանքները վերացնելու պայմանները խստացնելու նախագիծը:

Քաղաքապետը դժգոհեց, թե հարցը երկար ժամանակ է, ինչ քննարկվում է, բայց, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 տարուց ավելի է՝ նախագծի վերաբերյալ գրավոր պատասխան չի տվել:

Քաղաքապետը նաև նշեց, որ օրենքը հնարավորինս արագ պետք է ընդունվի, և խոստացավ անձամբ զբաղվել հարցով, խոսել նաև ԱԺ գործընկերների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե որևէ գերատեսչություն կարծիք տալի՞ս է, թե՞ չի տալիս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ