Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է մայրաքաղաքում առատ տեղումներին պատրաստ լինելու մասին զեկույցին:
«Ձյան տեղումների մասին խոսել ենք բազմիցս․ խցանումների երևի 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաներով ԱՊՊԱ-ների հետևանքով: ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում ամառային անվադողերով դուրս եկած ավտոմեքենաների մոտ, չնայած այլևս տեղ չէր մնացել, որտեղով որ հայտարարություն չէր տարածվել, որ Երևանում առատ տեղումներ են սպասվում: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է, որ՝ եկեք իրար թեթև քսելու պատճառով ժամերով սպասենք և ստեղծենք կիլոմետրանոց հերթեր։ Մարդիկ մեղավոր չեն։ Այո, գուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, այդ հանգամանքը եթե հաշվի առնվի, հարց պետք է առաջանա՝ արդյոք պետք է փոխհատուցվեն մեքենաները, թե ոչ, բայց այդ համակարգը Երևանի համար աղետ է․ իրար թեթև քսված ավտոմեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են»,- ասաց նա։
Ավինյանի խոսքով՝ դա խնդիր է ստեղծել նաև քաղաքապետարանի տեխնիկայի համար, որն այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ աղ ու ավազ ցանելու։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ տեղումների հաջորդ օրը կենտրոնական բոլոր փողոցները մաքրված էին։
«Այնուամենայնիվ, անկախ նրանից՝ համատիրությունների հետ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նախ պետք է հասկանալ՝ եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել․ բակերը որ տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում»,- ասաց նա։