«Այդ ուղերձը ուղղված է ՀՀ քաղաքացիներին, բոլորին: Բնականաբար, կան մարդիկ, որոնք քաղաքականապես դիրքավորված են արդեն և այլ ուղղությամբ են նայում, բայց իմ համոզմամբ՝ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հետաքրքրված է այն հիմնական թեզերով ու գաղափարներով, որոնց ուղղությամբ մենք շարժվում ենք»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած գաղափարախոսական ուղերձին, նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ լավ պետություն կառուցելուց առաջ պետք է կառուցել լավ քննարկում, լավ բանավեճ, և ուղերձի հրապարակումը դրանց մշակույթը մեզանում զարգացնելուն միտված քայլ է նաև:
«Մենք պետք է խոսակցություն ունենանք՝ ո՞ւր ենք շարժվում, մեր պետությունը ու՞ր է գնում, այստեղ չափազանց կարևոր է տեսության կապն իրականության հետ: Մեզանում էլի թերագնահատված և քիչ քննարկված է դա:
Թվում է, թե պետությունն ինքն իրեն՝ ավտոպիլոտի ռեժիմով աշխատում է, բյուրոկրատիան իր գործն է անում, քաղաքական ուժերն՝ իրենց, բայց հաջողված պետությունները բոլորն ունեն ինչ-որ տեսություն, որը համադրելի է իրականության հետ: սա չափազանց կարևոր հարց է»,- նշել է Կոնջորյանը: