Ովքեր են ավտոբուսներում վեճեր և բռնություն հրահրում. հասարակական տրանսպորտի վարորդները՝ թիրախում. տեսանյութ

Փետրվարի 14-ին Երևանի 97 համարի ավտոբուսում ուղևորները ֆիզիկական բռնություն են գործադրել վարորդի նկատմամբ այն բանից հետո, երբ վարորդը պարզապես հորդորել է վճարել։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ուղևորի և ավտոբուսի վարորդի միջև առաջացած վիճաբանության դեպքի առթիվ ընդունվել է հաղորդում։

Այնուհետև նախարարությունը դեպքից մանրամասներ հրապարակեց և հայտնեց. վարորդներին ծեծած անձինք երեք երիտասարդ են եղել, նրանք բռունցքով հարվածել են վարորդի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք, վիճաբանությանը միջամտած մյուս վարորդը ևս երիտասարդների հարվածների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ տեղի ունեցած դեպքն անհանգստացնող է, արարքը՝ դատապարտելի։

Վերջինս կարծում է, որ տրանսպորտի սակագների վերաբերյալ սկսած չակերատվոր բոյկոտի հետևանքով առաջացած աղմուկը որոշակի ազդեցություն է թողել մարդկանց վրա, ինչի հետևանքով որոշ մարդիկ տրվում են մանիպուլյացիաների և անընդունելի վարքագիծ դրսևորում։

Գուցե նման վարքագծով հենց բոյկոտի կազմակերպիչներն ու առաջնորդները միտում ունեն խաթարելու հանրային տրանսպորտի գործունեությունը, նկատում է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պարզ է, որ հանրային տրանսպորտը շահագործվում է վարորդների միջոցով, և եթե վարորդների հետ կապված որևէ խնդիր լինի, շարժակազմը կարող է կանգնել, երթևեկության խնդիրներ առաջանան։

Այնուամենայնիվ, այս դեպքը, նրա կարծիքով, բացասական առումով որևէ ազդեցություն չի ունենա ավտոբուսի վարորդների շրջանում։

Հայկ Միրզոյանը համոզված է, որ հանրության աջակցությամբ հօդս կցնդեն բոլոր այն նպատակները, որոնք արվում են որոշակի քաղաքական մանիպուլյացիաներ ստեղծելու համար։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ