![]()
Հին աշխարհակարգը փլուզվում է և կառուցվում է նորը։ Աշխարհը սկսել է փոխվել, սակայն չի փոխվում մեծ պետությունների սկզբունքներն ու քաղաքական երեսպաշտությունը։ Երրորդ համաշխարհային թեժացող պատերազմի մեջ ներքաշված մարդկությունը ականատես է լինում համաշխարհային երեսպաշտության վառ դրսևորման, երբ հակամարտող բևեռներն ու կենտրոնները մի կողմից թիրախավորում են միմյանց, իսկ մյուս կողմից բավական ջերմորեն առևտրական հարաբերություններ են կառուցում միմյանց հետ։ Դրա վառ ապացույցը արևմուտք Ռուսաստան առճակատումն է։
Ուկրաինական «պոլիգոնում» համաշխարհային այս երկու բևեռները միմյանց են հոշոտում, միլիոնավոր մարդկանց կյանքեր են կործանում և խեղում, իսկ մյուս տեղերում միմյանց հետ բինզես և տնտեսական հարաբերությունները շարունակում եմ պահպանել և նույնիսկ զարգացնել։
Ռուսաստանն այսօր գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ, այդ երկրին արգելված է բազմաթիվ արդյունաբերական ապրանքներ, հումք և էներգետիկ ռեսուրսներ արտահանել կամ ներմուծել, սակայն բոլորն են ականատես լինում, թե ինչպես են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրները, կամ այդ երկների խոշոր ընկերություններն այլ պետությունների միջոցով օգտվում ռուսական «բարիքից»։
Այսօր աշխարհի շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված արևմտյան պետությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների միջոցով գնում են ռուսական նավթ, գազ և այլ ապրանքեր։ Սա թերևս համաշխարհային երեսպաշտության վառ դրսևորումներից մեկն է։ Սակայն կա այստեղ ավելի տհաճ երևույթ։ Այն ինչ անում են խոշոր պետություններն ու ընկերությունները, նույնը թույլ չեն տալիս անել փոքր պետություններին և ընկերություններին։ Խոշորներն օգտվում են ռուսական բարիքներից, սակայն միևնույն ժամանակ արգելում են փոքրերին անել նույնը՝ պատճառաբանելով պատժամիջոցները, այն պատժամիջոցները, որոնք սեփական գրպանների համար շրջանցում են։
Այս համաշխարհային երեսպաշտությունը ցավոք միայն տնտեսական հարաբերություններում չի դրսևորվում։ Աշխարհը լուռ էր, երբ ռուսները ադրբեջացնիների ձեռքով էթնիկ զտում իրականացրեցին Արցախում, սակայն այդ նույն աշխարհն այսօր ցնցումների մեջ է, երբ ուկրաինացիները, կամ պաղեստինցիներն են կոտորվում։ Համաշխարհային քաղաքականությունում երկակի ստանդարտները միշտ են եղել, ցավալին այն է, որ այդ ստանդարտների զոհը միշտ եղել են և շարունակում են մնալ փոքր պետությունները, կամ այն պետությունները, որոնք չունեն խոշորների հովանավորությունը։ Աշխարհակարգերը փոխվում են, սակայն քաղաքական ստորաքարշությունը մնում է նույնը՝ «այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ ցլին»։
Մկրտիչ Իսրայելյան
![]()