Էլմիրա տատիկն է։ Մի քանի օր առաջ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «վճարիր 100 դրամ» իր արշավի ժամանակ մոլորեցրել էր ԼՂ-ից բռնի տեղահանված Էլմիրա տատիկին, որն իր խոսքում նշում էր, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, իսկ Հայկ Մարությանը տատիկին համոզում էր, որ նա տրանսպորտից օգտվելու ոչ մի արտոնություն չունի, ինչը լսելուց հետո տատիկն անգամ հուզվեց։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում պարզ նշված է, թե որ խումբն ինչ արտոնություններ ունի, և հստակ սահմանված է, թե ովքեր կարող են անվճար օգտվել տրանսպորտից։ Եվ տվյալ տատիկը մտնում էր անվճար երթևեկողների խմբի մեջ։
Նշենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված տատիկը Էլմիա Իսրայելյանն է, որը Ղարաբաղի առաջին պատերազմի մասնակից է և հաշմանդամության կարգը ստացել է հենց այդ ժամանակ։ Էլմիրա Իսրայելյանը բնակվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և միջադեպից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր խնդրին լուծում տալ։ Եվ ահա այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը տիկին Էլմիրային անձամբ հանձնեց տրանսպորտից անվճար երթևեկելու քարտը։
Մեզ հետ զրույցում տիկին Էլմիրան ասաց, որ երբ տեղեկացել էր, որ Հայկ Մարությանն ակցիա է իրականացնում, ինքը նույնպես գնացել է և հարց է ուղղել Մարությանին, թե ինքը, որպես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ, արդյոք ոչ մի արտոնություն չունի՞:
«Իսկական, որ դերասան ա, միկրաֆոնով խոսում է, թե բա՝ պարոն Փաշինյան, տեսնում ես, որ ղարաբաղցին խոսում ա։ Հարցնում եմ՝ հասնում ա՞, ասում ա՝ չի հասնում։ Հիմա գրական խոսում ա, ես էլ մեծ կնիկ եմ, կեսը հասկացել եմ, կեսը չեմ հասկացել»,- ասաց Էլմիրա Իսրայելյանը։
Քաղաքականության հայտ ներկայացրած, իբրև թե քաղաքացիների դարդուցավով ապրող մարդու կողմից տարեց կնոջը մանիպուլացնելու վարքագիծը դժվար է որևէ քաղաքական սցենարի մեջ տեղավորելը, ուստի այս վարքագծի մեկնաբանությունը կթողնենք հեռուստադիտողին, և եթե տատիկի պարագայում բնական էր, որ նա կարող էր տեղյակ չլինել սահմանված արտոնություններից, ապա Հայկ Մարությանի պարագայում տվյալ հարցի վերաբերյալ անտեղյակ լինելը բացառվում էր։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը կոչ արեց քաղաքացիներին օգտվել իրենց համար նախատեսված արտոնություններից և դրանց ծանոթանալ նաև այցելելով համապատասխան վարչական շրջան, որտեղ գործող համապատասխան բաժնում օգնում են և իրազեկում բոլոր քաղաքացիներին։
Ի դեպ, քանի որ նկարահանման պահին տիկին Էլմիրայի ստացած քարտը պետք է ակտիվանար երեք ժամ հետո, վարչական շրջանի ղեկավարը տիկին Էլմիրային տուն ճանապարհեց իրենց ավտոմեքենայով։
Մանրամասն՝ տեսանյութում