Համահայկական ձմեռային 2-դ խաղեր, մրցումային 3-րդ օր. դահուկավազքի մեդալների մեծ մասը նվաճել է Աշոցքի թիմը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճով թիմային սպրինտ մրցաձևով այսօր ավարտվել են դահուկավազքի մրցումները։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից՝ նշելով, որ մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքի դահուկորդները, այդ թվում 3 ոսկի, 5 արծաթ և 4 բրոնզ։ Մրցանակներից անմասն չեն մնացել նաև Գյումրու ներկայացուցիչները, որոնք նվաճել են 2 բրոնզե մեդալ։

«Այսօր երեկոյան կմեկնարկեն սպորտային-պարահանդեսային պարերի եզրափակիչ մրցելույթները։ Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինաամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։ Այստեղ նախնական փուլերում բավական հաջող մրցելույթներ են ունեցել Գյումրու պատվիրակները և համարվում են մեդալների հավակնորդներ։

Ամենաշատ մասնակից հավաքած շախմատ մարզաձևի մրցումները անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց համար 2300-ը, կանանց համար՝ 2250-ը։ Այսօր ավարտված 6-րդ խաղափուլից հետո տղաների և աղջիկների լավագույն եռյակներում են գյումրեցի շախմատիստներ՝ Վոլոդյա Թորոսյանը (5,5 միավոր) և Սյուզաննա Առաքելյանը (5 միավոր):

Վաղը՝ փետրվարի 5-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կմեկնարկեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի մրցումները։ Այստեղ «Ոլորավայրէջք» մրցաձևում հանդես կգա Շիրակի մարզի միակ ներկայացուցիչը՝ Անի համայնքի բնակիչ Անդրանիկ Նահապետյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ