Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած քաղաքացիներն օտարերկրացիներ են, ձերբակալվել են սահմանը հատելիս.մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Մետրոպոլիտենում օրերս արձանագրված դեպքից: Պարզվել է՝ խուլիգանություն կատարած անձինք օտարերկրացիներ են:

«Փետրվարի 1-ին՝ ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում՝ բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։

Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:

Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ