Բաքվի ռազմական դատարանում հունվարի 27-ին կշարունակվի ԼԵռնային արաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունը:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր քննարկվելու է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։
Լսումները կշարունակվեն Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նույն դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ կշարունակվի նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որն առանձնացել է առանձին վարույթով:
Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։
Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից: