Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում։
Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանն այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը»,- ասել է նա:
ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորությունը, ինչը, ըստ նրա, շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին։
«Մեծապես կարևորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակում, ինչը վստահաբար կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում»,- եզրափակել է Սիմոնյանը։