Մինչ Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն առաջադրված կեղծ մեղադրանքներով դատավարությունը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը որոշել է շոշափել պատանդառված, իրեն արձագանքելու հնարավորություն չունեցող անձի՝ Արայիկ Հարությունյանի անունը՝ անդրադառնալով վերջինիս հրաժարականի որոշմանն ու դրան հաջորդած զարգացումներին։ Ըստ ԼՂՀ՝ այդ օրերի ներքին խոհանոցին քաջագիտակ ընկեր Իշխանի՝ ԼՂՀ ժողովրդի կողմից ընտրված նախագահ Ա. Հարությունյանին ոչ ոք հրաժարական չի պարտադրել, նա ինքնակամ է նման որոշում կայացրել և իշխանությունը, փաստորեն, սիրով հանձնել Սամվել Շահրամանյանին։ Ավելին, վերջինիս կողմից ստորագրված տխրահռչակ՝ ԼՂՀ լուծարման հրամանագրի տեքստն էլ, ըստ Սաղաթելյանի «ցուցմունքի», կազմվել է ՀՀ իշխանության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում։ Իսկ այն ողբերգությունը, որը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայի հետևանքով պատուհասեց ԼՂՀ-ին՝ բռնի տեղահանումը, հետևանք է պայմանավորվածության, որը, իբր, Նիկոլ Փաշինյանը ձեռք էր բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ընթերցողն արդեն սովորել է դաշնակցական պրոպագանդայի և անձամբ Իշխան Սաղաթելյանի ցնորաբանական նարատիվներին ու հայտարարություններին, զրպարտախոսությանը, բայցևայնպես հարկ է, որ ընկեր Իշխանը իր լսարանի համար բացատրի՝ այդ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, որը, փաստորեն, Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը ձեռք են բերել, բայց, չգիտես ինչու, հիշյալ երեքի պայմանավորվածը իրականացրել են Ալիևն ու Պուտինը՝ անունը դնելով «հակաահաբեկչական օպերացիա»։ Երևի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «սավետնիկներն» են Քոչարյանի կուրացիայի տակ գործող պատգամավորի ականջին նման «լկտի սուտ» փսփսացել, ձեռքի հետ էլ «մեյլ արել» Կրեմլի աղմկահարույց մեթոդական ձեռնարկը առ այն (այն գաղտանզերծել էր Meduza լրատվականը, թե ինչպես պետք է մատուցել ԼՂՀ-ում տեղի ունեցած ողբերգությունը։ Կրեմլը, ըստ այդմ, խորհուրդ էր տալիս ԼՂ-ում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին, շեշտել, որ «Հայաստանի ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», կարճ ասած՝ կուժն ու կուլան կոտրել ՀՀ-ի և բոլորի գլխին՝ փաստորեն, մաքրելով Ալիևի և Պուտինի ձեռքերը տեղի ունեցած բարբարոսությունից ու արյունից։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ինքնակամ որոշո՞ւմ, թե՞ պարտադրանք
Պարոն Սաղաթելյանի, որի կուսակցությունը՝ ՀՅԴ Բյուրոն, ի դեպ, նորից «խոդի է գցել» ՀՀ-ում իշխանափոխություն անելու օրակարգը, հիշողությունը թարմացնենք մի քանի հանրահայտ փաստ վկայաբերելով։
Նախ նշենք, որ Ա. Հարությունյանի հրաժարականը մեկ անգամ չէ, որ պահանջում էին ՀՀ-ից ուղղորդվող ԼՂՀ քաղաքական շահագրգիռ խմբերն ու անհատները՝ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո (այդ մասին ինքը՝ Սաղաթելյանը, նույնպես խոստովանում է իր հարցազրույցում), իսկ արդեն ԼՂՀ բլոկադայից հետո այդ պահանջները սաստկացել էին ծայրաստիճան։ Հիշեցնենք, որ 2023-ի մարտին ԼՂՀ Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխության, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը հնարավորություն էր ունենում երկրի նախագահ ընտրելու։ Արդյոք այդ փոփոխությունն այն մասի՞ն է վկայում, որ ԼՂՀ ընտրված նախագահ Հարությունյանը պատրաստվում է ժամկետից շուտ հրաժարական տալ՝ այդ օրերին շատերն էին նման հարցադրում անում։ Նախագահի աշխատակազմն էլ ի պատասխան հայտարարում էր՝ նման մտադրություն Հարությունյանը չունի, դրանք հորինված լուրեր են։
Իշխան Սաղաթելյանին և նրան հավատացողներին հիշեցնենք նաև, որ Հարությունյանին հրաժարական տալու խոստումը ապիրատորեն դրժելու մեջ 2023-ի ամռանը մեղադրում էր նրա ճակատագիրը Բաքվի բանտում կիսող Ռուբեն Վարդանյանը։ Այդ նա էր, որ օգոստոսին, երբ շրջափակմամբ պայմանավորված ճգնաժամն օր օրի խորանում էր ու քննարկվում էր Աղդամի ճանապարհով ԼՂՀ-ին հումանիտար օգնություն հասցնելու հարցը, Արցախի Հակոբավանքից տեսաուղերձով դիմեց ԼՂՀ նախագահին. «Մենք ունենք մարտահրավեր ոչ միայն դրսից, այլև ներսում, իշխող վիճակից, և ուզում եմ ասեմ իմ անկեղծ խոսքը մարդուն, որը տանում է ամենամեծ պատասխանատվությունը էս իրավիճակի համար։ Դա այսօրվա նախագան՝ Հարությունյանն ա։ 6 ամիս առաջ, պաշտոնից դուրս գալուց առաջ ես ասեցի՝ եթե իսկապես նախագան պատրաստ է պայքարելու, դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս նրա կողքը կկայնենք, ամեն ինչ կանենք, որ ինքը իսկապես մեզ տանի առաջ, և մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները։ Ես այսօր ուզում եմ ասեմ Հակոբավանքից Արայիկ Հարությունյանին, որ տանում ա մեծ բեռ իրա ուսերին ու պարտության զգացողությունը, որ ունի ինքն իրա մեջ։ Որ՝ ցավոք սրտի դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր հրամանատար, և դա երևում ա Ձեր պահելաձևից։ …Խոսքը դուք դարձրել եք ոչ մի բան։ Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետև որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում Ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում։ Եվ դա ցավալի ա, որ «առաջին մարդու» խոսքը էլ չունի հավատ»։ Ռուբեն Վարդանյանն, ի դեպ, նախորդելով Իշխան Սաղաթելյանին, միաժամանակ նշում էր, որ Ա. Հարությունյանն, իբր, այլ մարդկանց մոտ իր հրաժարականի որոշումը ներկայացրել է որպես իր վրա ճնշում։
Հընթացս ընդգծենք նաև, որ նախքան այդ արդեն իսկ տեղի էր ունեցել ԱԺ նախագահի փոփոխություն՝ Արթուր Թովմասյանին փոխարինում էր ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը։
Որ Հարությունյանին հրաժարականը պարտադրվել է, և ոչ թե կամավոր է վերջինս հանգել այդ որոշմանը՝ նշում էին ներարցախյան իրավիճակին քաջածանոթ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու վերլուծաբանները։ Նրանցից մեկը՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, օրինակ, Հարությունյանի հրաժարականից հետո հայտարարել էր (https://www.youtube.com/watch?v=g67kvqc2o3E)՝ հաղթեց ԼՂՀ նախկին նախագահների շուրջ ձևավորված բևեռը։ «Վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը մեծ հաշվով էդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի։ Հիշում ենք, որ պետնախարարի պաշտոնից ազատումից հետո նա սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և մեծ հաշվով կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին ու նրանց շրջապատում ուժայիններին, ինչպես նաև խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին։ Եվ հիմա այս խմբի պահանջով կարծես թե Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը…»։
Այդ օրերին, ի դեպ, Իշխան Սաղաթելյանի գործընկեր, հայաստանական պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկնել էր հայտնի թեզը, թե՝ «Արայիկ Հարությունյանը երեք անգամ դիրքը թողնելու ցանկություն է ունեցել, համոզելով հետ է եկել»։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էլ արձագանքելով նշել էր՝ մի՛ կեղծեք, Հարությունյանի առաջ հրաժարական տալու պահանջ դրվել է երկու անգամ՝ 2020-ին և 2021-ին, իսկ վերջին անգամ պարտադրվել է։
ԼՂՀ վերջին ընտրված նախագահին պարտադրված, ընդ որում՝ ՀՀ ընդդիմության գործուն ու շահագրգիռ մասնակցությամբ, հրաժարականի մասին հայտարարություններն ու վկայությունները բազմաթիվ են։ Այդ վարկածի օգտին է խոսում նաև ՀՀ նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահների, նրանց թիմերի՝ այդ օրերին արտահայտած ուրախությունն ու անզուսպ հրճվանքը «Արցախում տեղի ունեցած իշխանափոխության» նկատմամբ, մի իրողություն, որը, ըստ նրանց պլանավորածի, պետք է իր շարունակությունն ունենար նաև ՀՀ-ում՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է, հետևելով Հարությունյանին, հրաժարական տար։ Նախկին ռեժիմի տրամադրություններն ամփոփող վկայություն է երկրորդ նախագահ Քոչարյանին փոխկապակցված ԶԼՄ-ի պատրաստած «ցնծագին» ռեպորտաժը, որտեղ մասնավորապես նշվում էր, թե մինչ Փաշինյանը փորձում էր «վերջին քարը դնել Արցախի սուբյեկտայնության վրա, արցախցիները ցույց տվեցին, որ բոլորը չէ, որ Արայիկ Հարությունյան են, որ չեն թողնի, որ ՀՀ իշխանությունը կատարի Ադրբեջանի առաջ ստանձնած պարտավորությունը»։ Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը ափսոսանք էր հայտնում Հարությունյանի հեռացման համար, Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի անդամ, ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հեգնում էր. «Նորմալ ա, որ ինքը ափսոսանք հայտնեց, սովորաբար հայ ազգը ինչից ուրախանում ա, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք ա հայտնում»։ ««Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը շրջանառության մեջ դրած ՀՀ իշխանության խաղաքարտերը խառնել է Արցախի քաղաքական վերնախավի փոփոխությունը։ Շատ փորձագետներ արձանագրում են, որ Արցախը վերագտնում է իր ինքնուրույնությունը, նորից դառնում է գործոն, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել»,- նշվում էր հիշյալ ռեպորտաժում։
ԼՂՀ-ի լուծարման պահանջի մասին նախքան հրաժարականը խոսել էր Արայիկ Հարությունյանը
Որ այս՝ ԼՂՀ-ում իրականացված «պերեվառոտ» օպերացիայից մոտ 10 օր հետո տեղի է ունենալու ագրեսիա, ինչի հետևանքով էլ շաբաթներ անց ստորագրվելու է ԼՂՀ լուծարման հրամանագիրը՝ «Արցախի գործոն դառնալը» վերածվելու է Արցախի չգոյության, նախկին ռեժիմն ու նրանց սազանդարները հետո պետք է արձանագրեին։ Արդ, անդրադառնանք Ի. Սաղաթելյանի այլ պնդմանը, թե՝ Հարությունյանին ԼՂՀ նախագահի պաշտոնում փոխարինած Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրի կազմմանը մասնակցել է ՀՀ իշխանությունը։
Ինչն է ապշեցուցիչ՝ մինչև այժմ հայտարարվում էր, թե նման հրամանագիր գոյություն չունի, փաստաթուղթը, որը հրապարակվել է Շահրամանյանի անունից, ֆիկտիվ բնույթ է կրել, քանի որ ԼՂՀ նախագահը չունի պետություն լուծարելու սահմանադրական լիազորություն, որ այդ կեղծ հրամանագիրն, իբր, ստորագրվել է, այսպես ասած՝ ադրբեջանցիներին մատների վրա ֆռռացնելու ու արցախցիների անվտանգ փոխադրումը ՀՀ կազմակերպելու համար, այժմ էլ պարզվում է, որ հրամանագիրն այդ «թելադրվել» է ՀՀ իշխանության կողմից։
Իշխան Սաղաթելյանին առաջարկում ենք կողմնորոշվել՝ իր ասած այդ թուղթը, ի վերջո, ֆիկտի՞վ է, ֆե՞յք է, թե՞ իրական, այն էլ՝ «Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրված», որը, փաստորեն, իմանալով, որ ԼՂՀ սահմանադրությանը հակասող բան է թելադրում ԼՂՀ-ին, Շահրամանյանին դրդել է պաշտոնեական կեղծիքի։
Ինչն է հետաքրքիր՝ մինչև այժմ ԼՂՀ և ոչ մի պաշտոնյա, նույնիսկ ամենասանձարձակ բառապաշարով աչքի ընկնող ԼՂՀ նախկին ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, չեն խոսել այդ հրամանագրի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրված լինելու մասին։ Եթե Շահրամանյանը ինչ-որ տեղ կաշկանդված է իր կողմից գրված այդ թղթի վավերականության հետ կապված «գաղտնիքներ բացահայտելու մեջ», ապա Հակոբյանը և նրա վարքագիծը կիսող (ՀՀ իշխանությանը հայհոյող) ԼՂՀ պաշտոնյաները չունեն նման կաշկանդվածություն, և զարմանալի է, թե ինչու մինչև այժմ ԼՂՀ լուծարման թուղթը (ի թիվս այլ «հանձնողական» թղթերի) չեն «կախել» Փաշինյանի «վզից»։
Հարկ է նշել, որ ԼՂՀ լուծարման՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող և կամ պարտադրվող սցենարի մասին խոսել էր ինքը՝ Ա. Հարությունյանն իր հրաժարականից շաբաթներ առաջ։ Դա այն օրերին էր, երբ ԼՂՀ իշխանության սեղանին դրվել էր Ադրբեջանի հետ ինտեգրացիայի օրակարգը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ իր «ինտեգրացիոն պլանն» էր առաջարկել արցախցիներին։ Այդ պլանը քողազերծեց (2023-ի օգոստոսի 16-ին) ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ հայտարարելով՝ դեռ հուլիսին է Լավրովը արցախյան կողմին փոխանցել ինտեգրացիայի առաջարկը, որին, ըստ էության, դեմ է եղել ԼՂՀ թե իշխող վերնախավը, թե ժողովուրդը։
Ա. Հարությունյանն էլ նախքան այդ, դեռ 2023-ի հունիսին, ԼՂՀ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ մասնավորապես նշել էր, թե ինչու պետք չի ընդունել Ադրբեջանի առաջարկը՝ գնալ Բաքու՝ բանակցելու. «Որովհետև Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք համոզենք։ Փորձել եմ, ընկերներ, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, [ապա] վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել։ Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում են՝ էս է մեր նպատակը։ Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿ-ում, ասում են երեկ և այսօր՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարել եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։ Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի…»։
Հարկ է նշել նաև, որ ԼՂՀ լուծարման հրամանագրի հրապարակումից առաջ ԼՂՀ նախկին և այդ ժամանակ գործող ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, կազմվել էր հրադադարի մի փաստաթուղթ, որը, մեղմ ասած, ՀՀ-ի դեմ «գործ տալու» ձևակերպում էր պարունակում։ Ըստ այդմ՝ ԼՂՀ-ից պետք է դուրս բերվեին «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները»։ Սա այն դեպքում, երբ ՀՀ-ն, ի պատասխան Ադրբեջանի կողմից ավելի վաղ ու մի քանի անգամ հնչեցված մեղադրանքների, քանիցս էր հայտարարել՝ ԼՂՀ-ում չկան ՀՀ զինված ուժերի «մնացորդներ»։
Եվ մինչ Դավիթ Իշխանյանը դաշնակցապատկան կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել էր, թե «զինադադարի գին հանդիսացող Արցախի հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել, և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում՝ անձամբ ՀՀ վարչապետը», Ն. Փաշինյանի մամուլի խոսնակ Ն. Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել էր. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել»։
Իշխան Սաղաթելյանը, ենթադրում ենք, «ԼՂՀ լուծարման հրամանագրի տեքստի խմբագրմանը Փաշինյանի մասնակցության» մասին խոսելիս հղվում էր իր կուսակցի այս հայտարարությանը։ Մինչդեռ հրադադարի փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 20-ին, իսկ ԼՂՀ լուծարման փաստաթուղթը՝ սեպտեմբերի 28-ին։
Զրպարտության հոտը անտանելի է։