Միլանի «Ինտերը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 36-ամյակի առթիվ` նրան անվանելով թիմի կարևոր խաղացող և անբաժանելի մաս։
X սոցցանցում ակումբի էջում երկրպագուները միացել են շնորհավորանքներին։ Նրանցից մեկը` Էնցո Կորսարոն, Մխիթարյանին հայերեն է շնորհավորել` գրելով «Ծնունդդ շնորհավոր»։
Մեկ ուրիշը գրել է. «Միակը, ով ամեն ծննդյան օրվա հետ ոչ թե ավելի մեծ, այլ ավելի փոքր է դառնում: «Հավերժ երիտասարդ»,-գրել է երրորդը:
Սա Մխիթարյանի արդեն երրորդ ծննդյան օրն է «Ինտերի» կազմում։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և երկու սուպերգավաթակիր։
«Լավագույն շնորհավորանքներ մեր կիսապաշտպանին ակումբից և բոլոր երկրպագուներից»,-ասվում է ակումբի պաշտոնական շնորհավորանքում:
«Ինտերը Մխիթարյանին ձեռք է բերել «Ռոմայից», երբ նա արդեն 33 տարեկան էր: Թվում էր, թե մարզիչ Սիմոնե Ինձագիի 3-5-2 սխեմայում Հենրիխը փոփոխվող խաղացողներից մեկն է լինելու, սակայն դրա փոխարեն նա անմիջապես փաստացի անփոխարինելի դարձավ խաղադաշտում»,– գրում է Tutto Mercato Web պարբերականը:
Այս երեք տարվա ընթացքում նա հիանալի է խաղում. թեև շատ գոլ չի խփում (ընթացիկ մրցաշրջանում` 1 գոլ 25 խաղում), բայց պահպանում է հավասարակշռությունը դաշտի կենտրոնում, երբեմն էլ հարձակումներ է սկսում, երբ մյուս կիսապաշտպաններին ծածկում են մրցակցի խաղացողները: