Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու կայուն խաղաղության. Միրզոյան

Հայաստանը, գտնվելով յուրահատուկ խաչմերուկում, կարող է նշանակալի ներդրում ունենալ միջտարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գործում՝ նպաստելով տարածաշրջանի լոգիստիկ գրավչության բարձրացմանը։

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հենց այս նպատակին է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը. ծրագիր, որը մշակվել և ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ուրախ եմ ընդգծել, որ այս ծրագիրը դրական արձագանք է ստացել մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

Նախարար Լավրովի հետ մենք անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերին:

Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ