Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Հայ-իրանական պետական սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը որևէ մեծ սկանդալի աղբյուր չի կարող լինել, քանի որ այդ հատվածում իրավիճակը մշտապես հանգիստ է եղել։

Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեր խնդրանքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահները ժամանակավորապես ներգրավված էին Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում, և ժամանակն անցնելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և Ռուսաստանի համապատասխան ծառայությանը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար։ Մենք տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պաշտպանվել մեր իսկ ուժերով, և ես կարծում եմ, որ այստեղ որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագրեր ունի, Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես դաշնակիցներ են համարվում։

«Մենք շատ լավ ու բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ, և ահա այժմ նաև Ռուսաստանն է գործընկերային հարաբերություններ զարգացնում Իրանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,- նշել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ