Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (լիցենզիայի գործողության դադարեցման) վերաբերյալ հարցը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը (այսուհետ՝ Հեռարձակող) 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է։
Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի նիստում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանը բանավոր ներկայացրեց լսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու վերաբերյալ իր պարզաբանումները։ Մասնավորապես, որպես հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ներկայացնելով ֆինանսական վիճակը, որը թույլ չի տալիս «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությանը իրականացնել իր գործունեությունը։
Հանձնաժողովը 17․01․2005 թ․ N 1-Ա Որոշումով Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18․01․2025-20․01․2025թթ․)։
Կասեցման ժամկետը լրանալուց հետո, Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվեց, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 06-ի N 245 Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը»: