Սամվել Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է. ուժի մեջ են գրավն ու բացակայելու արգելքը

Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով:

Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել էր:

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբան Մելիքյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է տնային կալանք և 7 մլն դրամ գրավ կիրառել օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ:

Նույն գործի շրջանակում Սամվել Վարդանյանը ևս ճանաչվել է տուժող, վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ