Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։

Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։ Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։ Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասել է Օկամպոն:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը շեշտել է՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։

«Լաչինի միջանցքը միակ ճանապարհն էր, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կապվում էին աշխարհի հետ։ Այն շրջափակելով՝ Ադրբեջանը մարդկանց մեկուսացրեց և ստիպեց ենթարկվել իրեն, իսկ մինչ այդ էլ Բաքուն բազմիցս ասել էր, որ պատրաստվում է ոչնչացնել նրանց։ Այս ամենից պարզ է դառնում, որ սա ցեղասպանություն է»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ մարդկանց բռնի տեղահաննությունն էլ ցեղասպանության տեսակ է, ինչն իրավաբանորեն սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով։ Օկամպոն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել և գործել, ոչ թե լռություն պահպանել։ «Հայերը դիմադրության և տոկունության օրինակ են»,- ասել է նա և հիշեցրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն Բայդենը ոչինչ չի ասում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որն իրականացրել է Ադրբեջանը։

«Որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Այստեղ հիմնարար դերակատարը Հայաստանն է և առաջին հերթին՝ սփյուռքի հայությունը»,- նշել է Լուիս Մորենո Օկամպոն։

Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է, որ կարող է ինչ-որ բանով օգնել հայերին այս ճգնաժամային իրավիճակում, որ կա ամբողջ աշխարհում։

«Մենք ցանկանում ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօրվա աշխարհում տալիս են սոցիալական ցանցերը։ Լեռնային Ղարաբաղի հայերը հզոր ձայն ունեն, նաև Հայաստանը մարդկանց հսկայական խումբ ունի ամբողջ աշխարհում։ Ինձ դուր եկավ հայկական խմբերի առաջարկը՝ միասին աշխատել արշավի համար, և ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, սոցիալական ցանցերի հսկայական համայնք ստեղծելն է, որտեղ հենց հայերը կպաշտպանեն հայերին: Հետո կներգրավենք կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարդկանց, որոնք նույնպես կպաշտպանեն հայերին։ Սա է պլանը»,- մանրամասնել է Օկամպոն։

Նրա խոսքով՝ անհնար է անտեսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպանությունը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 գագաթնաժողովին. Հաջիևն ավելի վաղ հայտնել էր պաշտոնական նամակ ուղարկելու մասին:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ