![]()
ՀՀ կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զայրացավ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի վրա՝ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացնելու համար:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մի նախագիծ, որով նախատեսվում է ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար 5 լրակազմ տղամարդկանց եւ 2 լրակազմ կանանց համար ծանրաձողեր ձեռք բերել:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշման նախագծի հետ կապված մի քանի հարցեր կան. «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզչների եւ մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով: Սա առաջին հարցն է, որը մենք ստանձնեցինք լուծել»:
Փաշինյանն ասաց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է. «Եթե ես ճիշտ եմ հիշում օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս դա է՝ ինչո՞ւ է 2 ամիս անց նոր այս որոշումը կայացվում եւ հետեւաբար ծանրաձողերը ե՞րբ կլինեն տեղում»:
Երկրորդը վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ինքը խոստացել էր, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծից իմանում է, որ ընդունում են որոշում 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին. «Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես նման գործելակերպը ես այլեւս չեմ հանդուրժելու: Եթե ես ասել եմ 20-ը պետք է լինի՝ ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը՝ Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ գնան այդ հարցի լուծումները գտնեն: Հիմա ես ինչքան հասկանում եմ այս ծանրաձողերը հավանականություն կա, որ օլիմպիադայից հետո են հասնելու ՀՀ, ճի՞շտ եմ հասկանում, թե սխալ»:
Այս հարցից հետո Դումանյանն ինչ-որ բան պատասխանեց, որը լսելի չէր, ինչին արձագանքելով Փաշինյանն ասաց. «Այսինքն ակնարկում եք, որ կարող է մյուս օլիմպիադայից առա՞ջ տեղ հասնեն: Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողը օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Հիմա արագ այդ որոշման նախագիծը վերաձեւակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունում եք եւ համապատասխանեցնում եք իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ մենք այսպիսի իրավիճակի ենք բախվում եւ սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին եւ պաշտոնյաներին»:
Վահրամ Դումանյանը շնորհակալություն հայտնեց նման մոտեցման համար. «Որպեսզի կարծիք չձեւավորվի, թե ձեր հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել՝ ուզում եմ ասել, որ ձեր հանձնարարականը սպորտսմենների հետ հանդիպելուց հետո՝ ապրիլի 30-ին աշխատակազմից ստացվել է»:
Փաշինյանն ընդհատեց՝ ասելով. «Պարո՛ն Դումանյան, դուք այնտեղ նստած եք եղել, ի՞նչ է նշանակում աշխատակազմից ստացվել է: Դուք այնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, նստած են եղել ուրիշ պաշտոնյաներ: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ դա հնչում է, այսինքն յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա մի բան՝ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է, եթե ես հանձնարարեցի ուրեմն դա իր համար առաջնահերթություն է՝ անկախ նրանից աշխատակազմից կգնա, թե չէ. 3 օր այնտեղ, 3 օր այստեղ, հետո 3 օր հետ, 3 օր առաջ, հետո 4 օր արձակուրդ, հետո 5 օր վատ եղանակ հետո 4 օր նախընտրական քարոզարշավ ու լինում է արդյունքում այն ինչ լինում է: Կներեք՝ եկեք անջատեմ ձեր բարձրախոսը, ես հանձնարարեցի իրագործել»:
![]()