![]()
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապօրինի շինությունների ապամոնտաժման հարցին։ Նա ևս մեկ հնարավորություն է տվել՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները՝ նշելով, որ երբ քաղաքապետարանից գնան ապօրինի կառույցը քանդելու, քաղաքացիներն այլևս ժամանակ չեն ունենալու։
«Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:
Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:
Սրա վերաբերյալ հայտնում եմ.
ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:
բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- գրառել է Մարությանը:
Նա նաեւ նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: «Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանն ապօրինի կառույցների ապամոնտաժման ակտիվ աշխատանքներ է իրականացնում։
![]()