![]()
Խաչատուր Սուքիասյանը 37 անշարժ գույք ունի: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ ներկայացրած նրա հայտարարագրից:
Հիշեցնենք, որ Սուքիասյանն առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, նա 5-րդ համարն է:
Սուքիասյանի հայտարարագրած 37 անշարժ գույքերից 35-ը գտնվում են Երեւանի Կենտրոնում, իսկ 2-ը՝ Կոտայքի մարզում: Այդ անշարժ գույքերի մի մասը շինություններ են, մյուս մասը՝ հողամասեր: Նա շարժական գույք չի հայտարարագրել:
Որպես թանկարժեք գույք ՔՊԿ պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է տնային հնաոճ ժամացույց, հնաոճ կահույք, 5 ձեռագործ հնաոճ խալի եւ 22 նկար (4 նկար՝ Գրիգոր Խանջյան, 2 նկար՝ Մարտիրոս Սարյան, 3 նկար՝ Մինաս, 1 նկար՝ Կոջոյան, 5 նկար՝ Գարզու, 1 նկար՝ Ֆյոդորով, 2 նկար՝ ԱվեԱրթուր, 2 նկար՝ Վարդան եւ 2 նկար՝ Գուռուզ): Թե յուրաքանչյուր նկարի արժեքը կոնկրետ որքան է, նշված չէ, բայց բոլորն էլ գերազանցում են 8 մլն դրամը:
Վերջին 1 տարում Սուքիասյանը եկամուտ է ստացել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից՝ 57 մլն 338 հազար 580 դրամ՝ որպես շահաբաժին, «Նարեկ» ՍՊԸ-ից՝ որպես շահաբաժին՝ 24 մլն 500 հազար դրամ, Տիգրան Մեծ փողոց 49 շենքի տարածքների վարձակալությունից՝ 31 մլն 980 հազար 3 դրամ, Նար-Դոսի փողոցի տարածքի վարձակալությունից՝ 1 մլն 100 հազար դրամ, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ՝ 12 մլն 459 հազար 500 դրամ եւ Երեւանի «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ի փոխառությունից՝ 112 մլն 496 հազար դրամ:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 մլրդ 851 մլն 752 հազար 469 դրամ, 185 հազար եվրո եւ 2 մլն 5651 դոլար:
Սուքիասյանը 12.02 տոկոս հասարակ բաժնետոմս եւ 5.75 տոկոս արտոնյալ բաժնետոմս ունի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում, 25 տոկոս բաժնետոմս ունի «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում, 25 տոկոս բաժնեմաս ունի «Նարեկ» ՍՊԸ-ում, 24.998748 տոկոս բաժնեմաս ունի «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում, 24.9811 տոկոս բաժնետոմս ունի «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ում, 16.0596 տոկոս բաժնետոմս ունի «Երեւանի Զովք գործարան» ՀՁ ԲԲԸ-ում, 20 տոկոս բաժնեմաս ունի «Բջնի Գրուպ»-ում, 90 տոկոս բաժնեմաս՝ «Ինլոբբի» ՍՊԸ-ում, 100 տոկոս՝ «Գլոբալ մայնին» ՍՊԸ-ում, 45.17 տոկոս՝ Երեւանի «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ում եւ 25 տոկոս բաժնեմաս՝ «Առաջ» ՍՊԸ-ում:
![]()