2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է

Կառավարության կաբինետի անդամներն այս շաբաթ Ազգային ժողովում ներկայացրին 2020-ի ծրագրի կատարողականը: Պատերազմական ու համաճարակային բարդ տարում, գործադիրի գնահատմամբ, հնարավոր եղավ խուսափել ծանր հետևանքներից:

Այս տարվա անելիքների ցանկում հաղորդակցությունների ապաշրջափակումն է: Ակնկալվում է, որ դա կակտիվացնի երկրի տնտեսական միջավայրն ու դրական կանդրադառնա քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Շաբաթվա գլխավոր քննարկման մասին Վահե Կոստանդյանն է պատմում:

2019-ին Հայաստանն ապահովել է վերջին տասը տարվա ամենաբարձր արդյունքը՝ 7,6 տոկոս տնտեսական աճ, բյուջեն գերակատարվել է 63 միլիարդով: 2020-ի սկզբում աճի դինամիկան պահպանվեց՝ հունվար-փետրվարի ցուցանիշը հասավ 9 տոկոսի: Մինչդեռ կորոնավիրուսով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ կառավարությունը ստիպված եղավ անցնել ճգնաժամային կառավարման:

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Իրականացրել ենք հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 միլիոն ֆիզիկական անձ 83 հազար իրավաբանական անձ։ Շահառուներին հասանելի է եղել 239 միլիարդ դրամ»։

Պետբյուջեից ծախսվել է 55 միլիարդ դրամ, ևս 20-ը ծախսվել է փոխառու միջոցների հաշվին։ Մնացածը կառավարության աջակցության ծրագրերով իրականացվել է բանկային համակարգի միջոցով: Հայաստանը հայտնվել էր մակրոտնտեսական ռիսկերի առաջ:

Մհեր Գրիգորյան. (ՀՀ փոխվարչապետ). «Ես կարող եմ վստահ ասել հիմա արդեն որ մեզ հաջողվեց կառավարել այդ ռիսկերը և խուսափել բավականին լուրջ և ծանր հետևանքներից»։

Ֆինանսական համակարգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում այն կայացած է։ Նիկոլ Փաշինյանը հետպատերզմյան Հայաստանի տնտեսական ապագայի հանդեպ լավատես է։ Հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք կոմունիկացիաների բացման թեման, վարչապետը սակայն նշում է, որ այս հարցում էլ Բաքվի քայլերը կառուցողական չեն:

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Ես ունեմ ցավոք սրտի կասկածներ որ հենց Ադրբեջանը ամեն ինչ անում է այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար։ Ուզում եմ որ մենք արձանագրենք որ մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթի իրականացմանը, որովհետև մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ կապ հաստատել Իրանի հետ»։

Հայաստանը կարող է տրանզիտ դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկինոս: Վարչապետն առանձնացնում է նաև երկրի տնտեսական վերելքի հիմնական ռեսուրսները:

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Հայաստանը տիրապետում է պայմանական ասած 21-րդ դարի նավթի և գազի պաշարներին։ Մեկը պղինձն է, մյուսը՝ ջուրը։ Մենք պետք է այնպես անենք որ Հայաստանը ոչ թե հանքաքար արտանող երկիր լինի այլ մետաղական պատրաստի արտահանող երկիր և սա ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ, որովհետև ներդրումային միջավայրի այդ կարգի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը»։

2018-ից Հայաստանում դիտարկվում է նաև խմելու և ոռոգման ջրի կուտակման ծրագիրը։

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Տարեկան 7 միլիարդ ջուր է ձևավորվում Հայաստանում, և դրա չնչին մասն է որ մենք ի վիճակի ենք լինում կուտակել»։

Ռազմավարական համարվող կրթության ոլորտում նախ պետք է լինեն ապահոված ուսուցիչներ: Պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձն անընդհատ կբարձրանա:

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Ներդրվում է ուսուցիչների որակավորման ատեստացիան և այս տարվանից սկսած ատեստացիա անցած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա և շարունակաբար բոլոր այն ուսուցիչները, ովքեր իրենց որակավորումը կհաստատեն, առաջին փուլում աշխատավարձները կբարձրանա 30-50 տոկոսով, հետագայում նրանք հնարավորություն կունենան հավաքել կրեդիտներ, և նրանց աշխատավարձը կբարձրանա»։

Կավելանա նաև գիտության ֆինանսավորումը՝ 2022-ից մինչև 2025 թվականն ամեն տարի 3-ից 5 միլիարդ դրամով։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ևս ռազմավարական է, այս տարվա ֆինանսավորումը հասել է ավելի քան 9 միլիարդի, 2019-ին այդ թիվը 5,5 միլիարդ էր:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ