![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայաստանի երրորդ հանրապետության 4 ղեկավարներից ամենամեծ վնասը Արցախյան խնդրով բանակցություններին հասցրել է Ռոբերտ Քոչարյանը։
Անշուշտ, խաղաղության կամ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին 6,5 շրջաններ /հանած Լաչինի միջանցք/ վերադարձնելու միջազգային պարտավորությունը գալիս է 1993թ․-ից՝ երբ ՄԱԿ ԱԽ ընդունեց 4 հայտնի բանաձևերը, իսկ 1994թ․-ից սկսած Մինկի խմբի շրջանակներում պատրաստված բոլոր փաստաթղթերում այդ կոմպոնենտը անխտիր եղել է։ Սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայով՝ այդ հողերի տեր, հետևաբար և դրանք վերադարձնելու պարտավարության տերը Արցախն էր՝ որպես
հակամարտության ու բանակցային հիմնական կողմ, և իրեն բավարարող կարգավիճակի կամ երաշխավորված խաղաղության տարբերակներին համաձայնելու դեպքում պետք է ի կատար ածեր այդ պարտավորթյունը։ Այս կոնցեպցիայի շրջանակներում էր, որ հայկական դիվանագիտությունը ՄԱԿ ԱԽ բանաձևերի ընդունման շրջանում կամ մեկնաբանություններում բավարարվում էր նրանով, որ դրանք «գրավողը» /մեր բառապաշարով ազատագրողը/ եղել են տեղի հայկական ինքնապաշտպանական ուժերը։
Այս կերպ Տեր-Պետրոսյանի նախագահությունը Հայաստանին հանում էր հակամարտությունից, նրան ապահովագրում ագրեսոր կոչվելու պիտակից, Արցախին դարձնում բանակցության և լուծման կողմ, հետևաբար և 7 շրջանների միջազգային պարտավորության կատարող։
1998թ․-ից հետո Ռոբերտ Քոչարյանը ծանրագույն հարվածներն ու վնասները հասցրեց Արցախյան խնդրով բանակցային գործընթացին։ Կրկին ընդունելով 6,5 շրջաններ վերադարձնելու միջազգային պարտավարությունը, նա դրանք ավտոմատ տեղափոխեց Հայաստանի վրա, ինչը նախկինում չկար ֆորմալ տեսանյունից։
Դա անելուն նպաստեց նրա այն կոնցեպտը, թե Արցախի անունից պետք է բանակցի Հայաստանը, և որը առաջին անգամ հնչեցրեց 1998թ․ և 2003թ․ նախագահական մրցապայքարներում, այդ թվում՝ 2003թ․ Ստեփան Դեմիրճյանի հետ հեռուստաբանավեճում։ Դրա հետևանքով Ադրբեջանը ստացավ առաջին մեծագույն դիվանագիտական հաղթանակը՝ Արցախի հեռացումը բանակցություններից։
Սակայն դրա հետ այլ ընծա էր մատուցվել Ալիևներին․ 7 շրջանների վերադրձման պարտավորության ամրակցումը Հայաստանի վրա։ Եթե 1991-92թթ․ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում Հայաստանի անդամակցության ժամանակ այդ պարտավորությունները հստակ չէին դրվել ՀՀ-ի վրա որպես միջազգային իրացունքի սուբյեկտ, քանի որ Տեր-Պետրոսյանի նախագահությունը Հայաստանին հեռու էր պահում հակամարտության կողմ լինելուց ու ագրեսոր ճանաչվելուց, ապա 1998-ից հետո Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը տարավ դեպի այդ դաշտ, կոնֆլիկտը վերածեց հայ-ադրբեջանականի, ըստ որում՝ Հայաստան գլխավոր կողմով, իսկ Արցախի սուբյեկտայնությունը վերացվեց։ Արդյուքում կարգավորման փաթեթներում պահպանված «ԼՂ հարակից շրջանների» վերադարձի միջազգային պարտավորությունը տեղափոխվեց Հայաստանի վրա։ Բայց սա ամբողջը չէ։
Ռոբերտ Քոչարյանը հայկական կողմից փոխզիջումների նշաձողը անթույլատրելիորեն ամենաշատն իջեցրած ղեկավարն է, ինչը չեն արել իր նախորդն ու հաջորդները։ Մասնավորապես, հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան դարձնելու մյուս հետևանքը Հայաստանի հաշվին տարածքային զիջումների պատուհանը բացելն էր։
Այսպես, 2001թ․ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի անունից հավանության արժանացած ու ստորագրելու պատրաստ Քի Վեսթի տարբերակում ներառվում են երեք տարբեր կարգավիճակներով միջանցքներ․
1․ Ադրբեջանաբնակ Շուշի և Շուշիի միջանցք։ Բանակցային պատմության ընթացքում առաջին և վերջին անգամ Շուշի քաղաքը, դրա բնակչության կազմը, ռեժիմը դառնում է կարգավորման տարբերակի ինքնուրույն ենթաբաժին, ներառելով մինչև հակամարտության ռազմական փուլը եղած ադրբեջանական բնակչության վերադարձ, որը մեծամասնություն էր, և Ադրբեջանի, մասնավորապես Ֆիզուլիի հետ կապող միջանցքի ստեղծում։ Ըստ Թաթուլ Հակոբյանի գաղտնազերծման՝ այդ միջանցքը կամ ճանապարհի քննարկված տարբերակներից մեկը ճիշտ այն է, ինչ կա այժմ՝ Շուշիից դեպի Ֆիզուլի։ Այլ վերսիաներից են եղել «Շուշիից դեպի Լաչին, ապա Հակարիի ափով շրջադարձ դեպի Ղուբաթլու և Արաքսի հովիտ: Կամ երկրորդ տարբերակ՝ անվտանգ ճանապարհ Աղդամից դեպի Շուշի:» Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ այն միակ ղեկավարը, որը բանակվություննեերում Հայաստանի անունից ընդունելի է համարել նման լուծումը, պատրաստ է եղել այն ստորագրել, և Հայստանի բախտը բերել է, որ 2001թ․ դա չի արել Հեյդար Ալիևը։ Անգամ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանը նման թեմայով բանակցություններ չի վարել։
2․ Սյունիք և Մեղրիի միջանցք։ Ռոբերտ Քոչարյանը կրկին Հայաստանի միակ ղեկավարն է եփղել, որ փոխզիջումների շեմն այնքան է իջեցրել, որ դրանք տարածվել են նաև Հայաստանի հարավի վրա նրա ինքիշխանության վրա, և կրկին մինչև 2001թ․ կու 2001թ․ Քի վեթյան տարբերակով դրա մի քանի վարկածների է համաձայնել․ Կրկին Թաթուլ Հակոբյանի գաղտնազերծած մի տարբերակով «Մեղրիով՝ Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքը ոնենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն և 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը: Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանը այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ տրանզիտի դիմաց չէր վճարելու: Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով` overpassing elevated road, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն չափից դուրս թանկ էր ստացվում: Առաջարկվեց 8 մետր լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնում գետնի վրա: Սրանով նվազագույնի էր հացվում Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների և Մեղրիի հայերի շփման հավանականությունը:»
3․ Միգուցե ապշեցնող, բայց փաստ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է, ով 2001թ․ Քի վեսթի կարգավորման տարբերակում համաձայնում է շտկել նաև Տավուշ-Ղազախ սահմանամերձ շրջանների տարածքային հարցերը։ Խոսքը ադրբեջանական անկլավների ու հայկական վերահսկողության տակ մնացած սահմանային գյուղերի մասին է։ Սա նույնպես բանակցային պատմության մեջ միակ դեպքն է։
Ինչպես նշվեց, անգամ Ռ․Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի օրոք այս ամենը քննարկման առարկա չի դարձել, ու 10-ամյա նախագահության ընթացքում քննարկվել է «5+2 շրջաններ կարգավիճակի դիմաց» բանաձևը, իսկ 2015-ից՝ «5+2 շրջաններ խաղաղության ու ապաշրջափակման դիմաց» բանաձևը /Լավրովի պլան/՞։ Անգամ Սերժ Սարգսյանը մի քանի թույլ փորձ կատարեց Արցախը վերադարձնել բանակցային գործըթնաց, ստ որում՝ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ու հետո․․․
Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել, որ Հայաստանի կողմից համաձայնություն տրվի հետևյալին կամ ստանձնվեն հետևյալ պարտավորությունները․
1․Արցախի դուրս մղում բանակցություններից
2․ ԼՂԻՄ հարակից 6,5 շրջանների հանձնումը
3․ Մեղրիի «սուվերեն օգտագործվող» միջանցք Սյունիքում
4․ Տավուշում սահմանային «ճշգրտում»
Ըստ որում, Հայաստանի անունից բանակցային ու փոխզիջումային նշաձողը իջեցվել է մեզ համար ամենաբարենպաստ միջազգային իրավիճակում
Ավելին, արդեն 2001-ին Քիվեթոի տարբերակի մերժումից հետո Հայաստանը չպետք է թույլ տար, որ բանակցային շրջանը կրկին վերադարձվի 1997-ին, որովհետև ավարտվել էին կոնֆլիկտաբանության մեջ հայտնի երեք ելքի ստրատեգիաները /ավտոնոմիա, ընդհանուր պետություն և ապահարզան/, որոնք մերժվել էին Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, հենց 2001-ից Հայաստանը պետք է դներ ցիկլի ավարտված լինելու խնդիրը և պահանջեր Արցախի խնդրի միակողմանի լուծում, ինչը հետագայում արվեց Կոսովոյի դեպքում, երբ մյուս կողմի համառությունը հաղթահարվում էր «չորով»։ Մինչդեռ Քոչարյանը 2004-2007 բանակցեց մեզ 1997 վերադարձնող Մադրիդյան առաջարկներն ու այն 2007թ․ նոյեմբերին պաշտոնապես ընդունելի համարեց Հայաստանի անունից՝ «որպես բանակցությունների հիմք»․․․
1․ ԽՍՀՄ փլուզումն անցյալում էր
2․ Պատերազմն անցյալում էր
3․ Ադրբեջանը բզկտված, քայքայված, ձախողված պետություն էր
4․ Ադրբհեջանի բանակը սպառազինված չէր, այսինքն՝ մոտալուտ պատերազմի ռիսկ չկար
5․ Չկար գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը
6․ Չկային ռուս-վրացական, ռուս-ուկրաինական /միջնորդավորված/, սիրիական պատերազմները
7․ Չկար Արևմուտք/ԱՄՆ/Ռուսաստան դիմակայությունը
8․ Չկար գլոբալ համավարակը
Նշվածները կամ դրանց մի մասը ուղեկցել է Հայաստանի 1-ին, 3-րդ կամ 4-րդ ղեկավարներին, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն՝ դրանք Հայաստանի զարգացման, համեմատական առավելության ու առաջընթացի հնարավորության տասնամյակն է եղել, բայկց պարզվում է՝ հենց այդ՝ համեմատաբար լավ ժամանակներում է Հայաստանը թույլ տվել արցախյան քաղաքականության ամենավտանգավոր սխալներն ու ամենացածր փոխզիջումային նշաձողը։
Ահա թե ինչու հայկական կողմին պարտության մատնելուց հետո Իլհամ Ալիևը հիշեց, որ Հայաստանը 2001-ին համաձայնել է «զիջել նաև» Տավուշում, Մեղրիում ու Շուշիում․․․․
/Շարունակելի/
![]()