![]()
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք, որ մինչ այս նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:
Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության՝ հանդիպման հրավերն ընդունելու մասին Ֆեյսբուքում տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար:
Հանդիպման հրավերն ընդունելու մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Վերահաստատում ենք ճանապարհային մեր քարտեզը. սա էլ եղել էր «Հայրենիքի փրկության շարժման» արձագանքը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում հանդիպել նախագահի հետ, առաջիկայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:
![]()