![]()
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահական նստավայրում իշխանություն-ընդդիմություն համատեղ հանդիպման առաջարկին: Ծառուկյանն ասել է, որ նախագահականում հանդիպումը նպատակահարմար չէ, քանի որ հանդիպման հստակ ծրագիր իրենց չի ներկայացվել:
«Նախագահի հրավերն ուղարկել են մեզ, բայց դրանում որևէ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, մի քիչ բաց չէ, արտահայտված չէ: Գրված է հանդիպենք խոսենք, դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում, որ գնանք: Գնանք, ի՞նչ խոսենք: Բայց եթե նա հարցադրումները կդնի, կետերը կդնի, կքննարկենք, կասենք:
Ես ասել եմ, որ հանդիպելու եմ Նիկոլ Փաշինյանի հետ, և հանդիպելու եմ: Կարծում եմ, որ շուտով կլինի այդ հանդիպումը, բոլորդ էլ կիմանաք այդ մասին: Անհրաժեշտ է հանդիպում էս վիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել: Իմ տեսակետները չեն փոխվել. վարչապետը պետք է հրաժարական տա, տեղի պետք է ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ու շատ արագ: Դա իմ տեսակետն է, կհանդիպենք, Փաշինյանն էլ իրենը կասի:
Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և վարչապետի թեկնածու առաջադրվի Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կընտրի՞ նրան: Լրագրողի հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց՝ ԲՀԿ-ն ընտրող լիներ, իր թեկնածուին կառաջադրեր: «Այսօր ընդդիմության ձայները 30 տոկոս են, իսկ 30 տոկոսով վարչապետ չի ընտրվում: Այնպես որ անիմաստ է, մենք թեկնածու չենք դնում: Եթե իմքայլականները կորոշեն էդ քայլը կատարեն, իրենք ի վիճակի են և ներկայացնելու, և ընտրելու»,-ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:
Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության՝ հանդիպման հրավերն ընդունելու մասին Ֆեյսբուքում տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար:
Հանդիպման հրավերն ընդունելու մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Վերահաստատում ենք ճանապարհային մեր քարտեզը. սա էլ եղել էր «Հայրենիքի փրկության շարժման» արձագանքը:
Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, քիչ առաջ նախագահի աշխատակազմը տարածեց հայտարարություն՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:
![]()