![]()
ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը «Հարգելի հայրենակիցներ,
Մենք՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին
քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում
ենք մեր հասարակությանն ու իշխանություններին: Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար:
Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:
Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը:
Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտեցումները:
![]()